Սթիվ Քյուրքչյանը լրագրողների «Փառքի սրահում»

Նյու Ինգլենդի լրագրության եւ մամուլի ասոցիացիան (ԼՄԱ) հայտարարել է, որ այսուհետ չորս ականավոր լրագրողներ, այդ թվում «Բոստոն Գլոբի» Սթիվ Քյուրքչյանը իրենց պատվավոր տեղն են զբաղեցնելու «Փառքի սրահում»` ի նշան երախտագիտության վեց նահանգներ ընդգրկող տարածաշրջանում գործող եւ արտակարգ պրոֆեսիոնիալիզմի հասած լրագրողների:
Արարողությունը տեղի է ունենալու մարտի 28-ին Պորտլենդի (Մեն նահանգ) «Ռիջընսի» հյուրանոցում, որտեղ ԼՄԱ-ն գումարելու է իր տարեկան համագումարը:
Ասոցիացիայի հրապարակած զեկույցում նշվում է. «Երեք անգամ Պուլիցեր մրցանակի արժանացած Քյուրքչյանը մեծ ներդրում է ունեցել հետաքննող լրագրության ասպարեզում, հատկապես «Բոստոն Գլոբի» «Spotlight» թիմի համագործակցությամբ: Նա օգնել է բացահայտելու կոռուպցիոն գործողությունները Սոմերվիլ քաղաքապետարանում եւ քաղաքական թաքուն գործարքները MBTA-ում, որոնց համար արժանացել է իր առաջին պուլիցերյան մրցանակներին: Հետագայում կաթոլիկ եկեղեցու ներսում հոգեւորականների սկանդալի վերաբերյալ նյութերը ամրապնդել են նրա համբավը: Նրա առաջնորդությամբ բացահայտվել են նաեւ «Իզաբել Ստյուարտ Գարդներ» թանգարանից արվեստի գործերի գողության մանրամասները: Թոշակի անցնելուց հետո նա այդ մասին գիրք է հրատարակել եւ որպես խորհրդատու մասնակցել այդ թեմայով «Netflix» սերիալների նկարահանումներին: Նա ոչ միայն լեգենդար լրագրող է, այլեւ սիրված եւ հարգված մենտոր եւ ընկեր, որ դաստիարակել է հարյուրավոր լրագրողների եւ խմբագիրների»:
Սթիվ Քյուրքչյանից բացի «Պատվո սրահի» մյուս երեք լրագրողներն են «Cape Cod Times»-ի Պոլ Պրոնովոստը, «Հանրային հնչեղության Մեն կենտրոնի» Նաոմի Շալիտը եւ Ջոն Քրիստին:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
The Armenian Mirror-Spectator
