Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

BBC News-ին պատմել են սիրիացի ականատեսները

 BBC-ի Մերձավոր Արևելքի թղթակից Լինա Սինջաբը  գրում է.

Սիրիայում ալավիներով բնակեցված տարածքներում կիրակի օրը տեղի ունեցած սպանդից հետո Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան միասնության կոչ է արել։

Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները միջերկրածովյան Լաթաքիա և Տարտուս նահանգներից, որտեղ բնակվում է ալավիական համայնքը: Տեղի բնակիչները նկարագրում են թալանի և զանգվածային սպանությունների տեսարաններ, այդ թվում՝ երեխաների:

Առափնյա Բանիաս քաղաքի Հայ ալ-Քուսուրի բնակիչներն ասում են, որ փողոցները լցված են դիերով: Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ սպանվել են տարբեր տարիքի տղամարդիկ։

Ալավիները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը։ Երկրի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։ Գահընկեց արված նախագահ Բաշար ալ Ասադը նույնպես պատկանում է ալավիական կրոնական շարժմանը։

Ուրբաթ օրը տեղի բնակիչներն այնքան էին վախեցել, որ նույնիսկ  պատուհաններից դուրս չէին նայում։ Ինտերնետ չկար, բայց երբ կապը վերականգնվել է, մարդիկ Facebook-ի հաղորդագրություններից իմացել են  հարեւանների մահվան մասին:

Բնակիչներից մեկը՝ Այման Ֆարեսը, BBC-ին ասել է, որ իր վերջին բանտարկությունը փրկել է իրեն: 2023 թվականի օգոստոսին նա տեսանյութ է հրապարակել Facebook-ում՝ քննադատելով Ասադին կոռուպցիայի համար։ Նա շուտով ձերբակալվել է և ազատ արձակվել միայն անցյալ տարվա դեկտեմբերին՝ ռեժիմի տապալումից հետո։

Հայ ալ-Քուսուրի փողոցներում հարձակումներ իրականացրած զինյալները ճանաչել են, չեն սպանել, բայց թալանել են։  Նրանք վերցրել են նրա մեքենաները և շարունակել ներխուժել այլ տներ։

«Նրանք անծանոթ էին, բայց  երևի ուզբեկներ կամ չեչեններ էին», – ասել է  Ֆարեսը հեռախոսով:

«Նրանց հետ կային նաև մի քանի սիրիացիներ, բայց ոչ պաշտոնական անվտանգության ուժերից։ «Սպանություններ կատարողների թվում կային նաև խաղաղ բնակիչներ», – հավելել է նա։

Տղամարդն ասել է, որ տեսել է իրենց տներում  սպանված ընտանիքներ, ինչպես նաև արյունլվա  կանանց ու երեխաների: Որոշ ընտանիքներ փորձել են թաքնվել իրենց տների տանիքներում, սակայն չեն կարողացել փախչել։

 «Սարսափելի է»,- ասել է Ֆարեսը։