Ուսանողական կյանքը յուրաքանչյուր մարդու համար առանձնահատուկ շրջան է, երբ բացահայտվում են նոր հորիզոններ, զարգանում են ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլեւ անձնային կարողությունները: Ես սովորում եմ ՀՊՄՀ-ում՝ լրագրության բաժնում, եւ պետք է նշեմ, որ իմ առօրյան շատ հագեցած է: Ամեն օրը բերում է նոր փորձառություններ՝ դասախոսություններից մինչեւ գործնական աշխատանքներ: Այս ամենն ինձ օգնում է ավելի լավ հասկանալ լրագրության դերը, դրա արժեքն ու այն պատասխանատվությունը, որը դրված է մեր ուսերին՝ որպես ապագա լրագրողների:
Սակայն, ինչպես յուրաքանչյուր բուհում, այստեղ եւս առկա են որոշ դժվարություններ, որոնք երբեմն խանգարում են մեզ լիարժեք օգտվել կրթական հնարավորություններից: Օրինակ, մեր մասնագիտական առարկաներից որոշ դասախոսներ դասերին չեն ներկայանում: Սա չի նշանակում, որ մենք դրա պատճառով ցածր գնահատականներ ենք ստանում: Բանն այն է, որ մենք, որպես ուսանողներ, հաճախ զգում ենք բովանդակային բացը: Ի վերջո, լրագրությունն այնպիսի ոլորտ է, որտեղ միայն գնահատականը բավարար չէ: Անհրաժեշտ է, որ մենք ստանանք գոնե մինիմալ պատկերացում առարկայի մասին, քանի որ այն կարող է կենսական նշանակություն ունենալ մեր ապագա կարիերայի համար:

Սակայն, այս մարտահրավերները չեն խանգարում ինձ սիրել իմ բուհը: ՀՊՄՀ-ն ինձ համար շատ ավելին է, քան պարզապես կրթական հաստատություն: Այստեղ ես հնարավորություն ունեմ շփվելու տարբեր մարդկանց հետ, ձեռք բերելու նոր ընկերներ եւ ծանոթանալու ոլորտի մասնագետների հետ: Կրթական միջոցառումները, սեմինարներն ու դասընթացները նպաստում են իմ մասնագիտական զարգացմանը:
Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ կրթական համակարգը պետք է ավելի հարմարվի ժամանակակից պահանջներին: Լրագրության ոլորտը զարգանում է մեծ արագությամբ՝ ներմուծելով նոր տեխնոլոգիաներ, թվային հարթակներ եւ հաղորդակցության մեթոդներ: Մենք այսօր գործ ունենք սոցիալական մեդիայի հսկայական ազդեցության, տվյալների վերլուծության եւ նորարարական գործիքների հետ: Կցանկանայի, որ մեր առարկաները դառնային ավելի ժամանակակից՝ ներառելով այս նոր հմտությունները: Օրինակ՝ ավելի շատ դասընթացներ՝ նվիրված թվային լրագրությանը, սոցիալական մեդիայի կառավարմանը, մեդիա վերլուծությանը կամ նույնիսկ լրագրության էթիկայի արդի հարցերին. դրանք անգնահատելի կլինեին մեզ համար:
Այնուամենայնիվ, ուսանողական կյանքն ունի իր գեղեցկությունն ու արժեքը: Այն ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու, այլեւ ինքնաբացահայտման շրջան է: Մեր ճանապարհին հանդիպող դժվարությունները սովորեցնում են մեզ ավելի համբերատար լինել, պայքարել մեր նպատակների համար եւ գտնել նոր լուծումներ: Ես հավատում եմ, որ մեր բուհը, ճիշտ բարեփոխումների շնորհիվ, կարող է դառնալ կրթության առաջատար կենտրոն, որտեղ յուրաքանչյուր ուսանող կունենա հնարավորություն զարգանալու եւ իր հմտությունները կյանքի կոչելու:
Ուսանողական կյանքը ժամանակաշրջան է, որը մենք երբեք չենք մոռանա: Այն հիշեցում է, որ նույնիսկ ամենափոքր հաղթանակները մեծ նշանակություն ունեն: Մեր ձեռքերում է այս տարիներն ավելի լիարժեք եւ բովանդակալից դարձնելը, իսկ իմ նպատակը լրագրության աշխարհում իմ տեղը գտնելն է՝ գիտելիքն ու փորձը կիրառելով հասարակության բարօրության համար:
ՄԻԼԵՆԱ ԱՐԹԵՆՅԱՆ
ՀՊՄՀ ռադիոհեռուստատեսության 3-րդ կուրսի ուսանող