Հայտարարագրման արդյունքում մարդիկ իրենց վճարած եկամտահարկից կարող են տարեկան մինչև 100 հազար դրամ հետ ստանալ. Փաշինյան

ՀՀ կառավարության որդեգրած «իրական Հայաստանի» առանցքային դրույթներից մեկն այն է, որ պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ըստ այդ սկզբունքի՝ բարեկեցությունը կարող է կառուցել միայն աշխատանքի և կրթության, այսինքն կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի, նաև անհատական ջանքի միջոցով:
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին,մասնավորապես նկատեց, որ համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացիներն իրենց վճարած եկամտային հարկից տարեկան մինչև 100 հազար դրամ կարող են հետ ստանալ առողջության ապահովագրության, ատամնաբուժության, բուհերում, քոլեջներում և վճարովի դպրոցներում ուսման վճարների, հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձակալության, մանկապարտեզների վճարների, մարզական ու արվեստի խմբակների և դպրոցների, այլ արտադպրոցական կրթական ծառայությունների, նաև վերապատրաստման, որակավորման, կրթական ծառայությունների, այսինքն իրենց և իրենց երեխաների առողջապահության ու կրթության համար կատարված վճարների դիմաց:
Ըստ Փաշինյանի՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն կտա տարեկան վերը նշված ուղղություններով քաղաքացիների կատարած շուրջ 70 մլրդ դրամի ծախսեր վերադարձնել քաղաքացիներին:
«Դրա հարակից էֆեկտը կլինի այն, որ իմ թվարկած ոլորտները լրացքուցիչ մի քանի տասնյակ միլիարդ ֆինանսավորում կստանան այդ ճանապարհով»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ համընդհանուր հայտարարագրումը Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ համընդհանուր հայտարարագրումը որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի և ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել։
«Համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ հարկային օրենսդրության որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այն, ինչ ՀՀ օրենսդրությամբ պետք է հարկվեր համակարգի ներդումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո»,-ասաց նա։
