Հայաստանի ներկայիս ընթացող խաղաղության բանակցությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ պաշտոնապես մտել են ֆարսի ժանրը, եւ եթե Ռուսաստանի Պուտինին եւ Բելառուսի Լուկաշենկոյին էլ գումարենք գործընթացին, ապա կունենանք աշխարհի ամենավայրագ բռնակալների քառյակը (Ալիեւ, Էրդողան, Պուտին եւ Լուկաշենկո), որ հեշտությամբ կարող է դեր ստանձնել աշխարհաքաղաքական թեմայով սատիրական որեւէ սիթկոմում: Հայաստանից նրանց պահանջները կարող են անհեթեթից մինչեւ կատարյալ ծիծաղելիին հասնել, ցույց տալով նրանց տեսլականը «խաղաղության» վերաբերյալ, որն ըստ իրենց` «Հայաստանին ստորացնելու զվարճալի մի խաղ է ընդամենը»:
Անվանախաղեր եւ լեռնապահանջներ
Թվում է, թե Հայաստանի խաղաղության բանակցությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ավելի շատ սյուրռեալիստական պիեսի, քան դիվանագիտական բնույթի են: Ալիեւի եւ Էրդողանի պահանջների անվերջանալի շարանը լկտիությունից կատարյալ անհեթեթության է հասնում: Դրանցից վերջինը առնչվում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին: Պահանջը անվանափոխությունն է, քանի որ «Արարատ» անունը պարզապես չափազանց «գրգռիչ» է Թուրքիայի համար: Ինչպե՞ս է կառավարության անդամ մի հայ հանդգնում կրել մի լեռան անուն, որը ճիշտ է, դարերով Հայաստանի խորհրդանիշն է եղել, բայց ներկայիս գտնվում է Թուրքիայի սահմաններում:
Ըստ ասեկոսեների, Էրդողանը ասել է. «Ամեն անգամ Արարատ անունը լսելիս, հիշում եմ բաներ, որ կնախընտրեի պատահած չլինեին»: Պուտինը պաշտպանելով Էրդողանին՝ ավելացրել է. «Իրականում Արարատ լեռը երբեք էլ հայկական չի եղել», եւ առաջարկել է այն վերանվանել «Չեզոք լեռ»: «Եկեք արդար վարվենք բոլորի հետ», նշել է նա, մոռանալով, որ իր զինվորները չկարողացան մատը մատին տալ եւ գործել այն ժամանակ, երբ «խաղաղապահպան» ուժերի աչքի առաջ ադրբեջանական զորամիավորումները էթնիկական զտումներ էր իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ: Պարզվում է, պուտինյան աշխարհում «խաղաղապահպանում» նշանակում է խաղաղությունը պահպանել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանին կարելի է մեքենայի տակ գցել:
Ադրբեջանն իր նավթային հարստությամբ եւ Թուրքիայի աներեր պաշտպանությամբ խրախուսված Հայաստանին առաջարկել է նաեւ վերափոխել իր ազգային դրոշը` «կարմիրը, կապույտը եւ նարնջագույնը չափազանց պայծառ գույներ են եւ կարող են գրգռել Ադրբեջանին», բողոքել է Ալիեւը եւ առաջարկել «նվազ առճակատում հրահրող» դրոշ օգտագործել: Հարց է առաջանում, միգուցե, ամբողջովին սպիտա՞կ դրոշ: Ի վերջո, ինչո՞ւ բանակցել խաղաղության շուրջ, եթե կարող ես հակառակորդին ստիպել անձնատուր լինել:
Մյուս կողմից, Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը ներողություն խնդրի պաշտոնապես իր զինանշանի վրա Արարատ լեռան հարատեւ ներկայության համար: «Մենք դա մշակութային գողություն ենք համարում», նշել է Էրդողանը, մոռանալով, որ Արարատ լեռը գոյություն է ունեցել քարտեզի վրա Թուրքիայի հայտնվելուց դարեր առաջ: Որպես փոխզիջումային տարբերակ, նա առաջարկել է հարմար գնով (բնականաբար թուրքական լիրայով) Արարատ լեռան պատկերը «վարձակալության տալ Հայաստանին»:
Հայաստանը երեւի պետք է պատրաստ լինի նաեւ վերափոխելու Սեւանա լճի անվանումը, դարձնելով այն Էրդողանի լիճ. չէ՞ որ ՍեՎԱՆ-ը կարող է Էրդողան-Ալիեւ զույգին հիշեցնել Վանա լիճը, որ հայկական քաղաքակրթության օրրանը լինելով պետք է մոռացության մատնվի: Ինչ վերաբերում է արտգործնախարար Արարատ Միրզոյանին, հուսանք կպահպանի իր անունը եւ, ինչու չէ, օրերից մի օր կբարձրանա Արարատ լեռան գագաթը եւ աշխարհին կպարզի, թե ում է պատկանում այն:
Ոչ մի տեղ չառաջնորդող միջանցքը
Չմոռանանք անդրադառնալ չարաբաստիկ Զանգեզուրի միջանցքին:
Ադրբեջանը Հայաստանի հարավային տարածքով ցամաքային ուղիղ ճանապարհ է պահանջում, պնդելով, որ դա տնտեսական զարգացման նպատակ է հետապնդում: Բայց լուրեր են պտտվում, որ իրականում Բաքուն ծրագրում է կառուցել Ալիեւի ավտոշարասյան համար մի շքեղ անձնական մայրուղի, ոսկեզօծ ուղեփակոցներով, «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանշանով եւ իր մեծադիր արձաններով: «Դա սոսկ լոգիստիկական անհրաժեշտություն է», բացատրում են պաշտոնատար անձինք: Պուտինը գլխով հավանություն է տալիս նրանց, իսկ Էրդողանը առաջարկում է միջանցքի կողքին խողովակաշար անցկացնել ոչ թե նավթի տարանցման, այլ «անմիջականորեն թուրքական թեյ մատակարարելու համար Ադրբեջանին»: «Դա պարզապես մշակութային դիվանագիտություն է», բացատրում է Էրդողանը: Իսկ աբսուրդի ժանրի առանցքային խաղացող Լուկաշենկոն առաջարկում է «կարտոֆիլի տեսքով» հանգստյան կանգառներ տեղադրել ամբողջ ճանապարհի երկայնքին` «Բոլորս կարտոֆիլ սիրում ենք: Այնպես որ, դա բոլորիս կմիացնի» ասելով:
Երբ Հայաստանը առաջարկեց համատեղ վերահսկողություն սահմանել, որպեսզի երաշխավորվի խաղաղության գործընթացի արդար իրականացումը, Էրդողանը քմծիծաղով պատասխանեց. «Մենք ոչ մի վերահսկողության կարիք չունենք: Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են գերազանց վերահսկողություն իրականացնել»:
Մինչ աբսուրդի հասնող վերոնշյալ պահանջները կարող են ծիծաղեցնել յուրաքանչյուրիս, դրանց ետին թաքնված ճշմարտությունը բոլորովին էլ ծիծաղելի չէ:
Էրդողան-Ալիեւ զույգը շարունակում է իր հզոր լծակներով անտրամաբանական պայմաններ պարտադրել Հայաստանին, հավանաբար չափելու համար վերջինիս համբերությունն ու դիմացկունությունը: Դիտելով այս «ներկայացումը», միջազգային հանրությունը պարտավոր է հիշել, որ խաղաղության չի կարելի հասնել մի կողմին ճնշելով եւ հնազանդեցնելով:
Խաղաղապահություն` ռուսական ձեւով
Ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում շատ նման էր թատերական ներկայացման: Հայերին պաշտպանելու փոխարեն նրանք մատը մատին չտվեցին ԼՂ-ի էթնիկական զտման գործընթացում. «Մենք խաղաղապահներ ենք, ոչ թե խաղաղարարներ», պարզաբանեց Պուտինը: «Բացի դրանից, մենք Ալիեւի եւ Էրդողանի հետ զբաղված էինք ավելի կարեւոր հարցեր կոորդինացնելով, ինչպես օրինակ` թե ով է առավել պատշաճ վերանվանում առաջարկելու Երեւանի փոխարեն»:
Ենթադրություններ կան, որ Պուտինի նպատակն է Հայաստանը վերածել վասալական պետության, որն ամբողջական կախվածության մեջ լինի Ռուսաստանից: «Դա դավաճանություն չէ, այլ պարզապես բիզնես: Բացի այդ, ձեր նման ընկերներ ունենալուց հետո հայերի կարիքը չունեմ», անկեղծացել է Պուտինը Էրդողանի եւ Ալիեւի հետ մի սեղանի շուրջ թեյելիս:
Ընդհանրական անվանումով` «բռնակալների այս ոհմակը» (կամ քառյակը) ավելի քիչ է հետաքրքրված դիվանագիտությամբ եւ ավելի շատ` զբաղեցրած պաշտոնը ամրապնդելով: Նրանց համատեղ տարեգրության էջերը հեղեղված են պատերազմական հանցագործություններով, այլախոհների ճնշումներով, ընտրությունների կեղծարարությամբ եւ պատմությունը «վերաձեւելու» փորձերով: Նրանց պակասում է միայն մի ալբոմ ձայնագրել` «Միավորված բռնակալներ: Կեղեքիչների լավագույն հիթերը» վերնագրով:
Պահանջների ցուցակը չի սահմանափակվում սոսկ անուններով եւ միջանցքներով: Ալիեւը պնդում է, որ բոլոր հայկական եկեղեցիները իրականում քողարկված ադրբեջանական մզկիթներ են, իսկ Պուտինն էլ պահանջում է, որ Հայաստանում ռուսերենը դառնա պաշտոնական լեզու եւ կառավարական գրասենյակներում տեղադրվի իր լուսանկարները:
Ողջամտության կոչ
Մինչ չափազանց գայթակղիչ է ծիծաղել վերոնշյալ պահանջների անհեթեթությունների վրա, իրականությունը, սակայն, սթափեցնող է: Հայաստանը իրոք գոյութենական սպառնալիքի տակ է, ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ Ռուսաստանի նման ենթադրյալ դաշնակիցների կողմից: Միջազգային հանրությունը պարտավոր է դիմակայել բռնակալների այս քառյակին, որի գործողությունները հարցականի տակ են դնում ոչ միայն Հայաստանի ինքնիշխան պետության, այլեւ տարածաշրջանի գլոբալ կայունությունը:
Այս կրիտիկական պահին հայերս պետք է ականջալուր լինենք դարեդար սրբագործված միասնականության կոչերին, մասնավորապես Չարենցի` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» արտահայտությանը: Այս բառերն այժմ, ավելի քան երբեւէ, հնչել են, որովհետեւ ներքին վեճերն ու տարաձայնությունները միայն կծառայեն թուլացնելու Հայաստանի կարողությունը` հակադարձելու արտաքին սպառնալիքներին: Հայաստանի իրական սպառնալիքները, սակայն, ներքին վեճերը չեն, այլ առնչվում են բռնատիրական իշխանությունների հետ, որոնք գործնականում ջլատում են նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնությունը:
Բռնակալներով գերեվարված մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական այս ծանրագույն իրականությունը մեզ ստիպում է միասնականությանը վերաբերվել ոչ որպես «այլընտրանք», այլ «անհրաժեշտություն»: Մենք պարտավոր ենք մեր էներգիան օգտագործել համերաշխության մթնոլորտում կառուցելու համահայկական մի ուժեղ պետություն, որը մեր մեծերի տեսլականներով կկարողանա պահպանել իր գոյությունը աշխարհաքաղաքական մեր այս անկայուն եւ դաժան բնապատկերում:
ՊԵՐՃ ՋՈԼՈԼՅԱՆ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)