ԵՐԵՎԱՆ-ՌԻԳԱ – Լատվիացի բանասեր, թարգմանչուհի Վալդա Սալմինյան (ծնված 1962-ին) ստացել է բանասիրության բակալավրի աստիճան՝ գերմանական բանասիրության մասնագիտությամբ Լատվիայի համալսարանում, ապա ուսանել է հայ բանասիրություն Երեւանի պետական համալսարանում: Ուսանել է նաեւ Գերմանիայի Հագենի համալսարանում՝ ստանալով արվեստի մագիստրոսի կոչում։ Երկար տարիներ աշխատել է Ռիգայի դիզայնի եւ արվեստի դպրոցում որպես գերմաներենի ուսուցչուհի։ Կատարել է թարգմանություններ հայերենից լատվիերեն։ 2018-ին առաջադրվել է 2017 թվականի Լատվիական գրականության ամենամյա մրցանակի՝ «Լավագույն արտասահմանյան գրականության թարգմանություն լատվիերեն» անվանակարգում՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» թարգմանության համար։ Նույն աշխատանքի համար Հայաստանի կողմից պարգեւատրվել է Գրիգոր Նարեկացի հուշամեդալով։
Ավելորդ է ասել, որ իմ գրավոր հարցերին Վալդան պատասխանեց հայերեն, միջամտություններս նվազագույն են…
–Սիրելի՛ Վալդա, Մերձբալթիկայի հանրապետություններից հայագիտությունը կարծես ամենից զարգացածը Լատվիայում է։ Ինչպե՞ս կբնութագրեք Լատվիայի հայագիտությունն անցյալում եւ այսօր։
–Մենք իրականում չենք կարող խոսել Լատվիայում համակարգված հայագիտական հետազոտությունների մասին: Այն, ինչ արել ենք վերջին 20 տարիների ընթացքում, Լատվիայի լեզվի ինստիտուտի եւ Լատվիայի համալսարանի հետ համատեղ իրականացվող մի քանի հաջողված նախաձեռնություններ են: Մշակել եմ առաջարկություններ հայկական հատուկ անունները լատվիերեն լեզվով ճիշտ հնչյունադարձելու վերաբերյալ։ Դոկտորական ուսումս ավարտելուց հետո մասնակցել եմ մի քանի կոնֆերանսների թե՛ Լատվիայում, թե՛ արտերկրներում: Ներկայացրել եմ Գրիգոր Նարեկացու թարգմանությունը եւ օնոմաստիկայի թեմաները, օրինակ՝ «Հայկական էրգոնիմները Լատվիայի քաղաքային միջավայրում»:
Վերջին տարիներին Հայաստանի դեսպանության եւ հատկապես բալթյան երկրներում նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ համագործակցությամբ Ռիգայում՝ Լատվիայի համալսարանում, կազմակերպվել են Նարեկյան միջազգային ընթերցումներ: 2023-ի նոյեմբերին Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի նախաձեռնությամբ կազմակերպված Ներսես Շնորհալուն նվիրված համաժողովը հյուրընկալել էր ոլորտի այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Լեւոն Պողոս Զեքիյանը, Կլոդ Մութաֆյանը, Աբրահամ Տերյանը։ Զեկույցներով հանդես եկան արվեստաբան, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Օյարս Սպարիտիսը, եկեղեցիների պատմության պրոֆեսոր Անդրիս Պրիեդեն, կրոնների հետազոտող պրոֆեսոր Էլիզաբետե Տայվանեն, որն ունի հայկական արմատներ: Նա արդեն մի քանի տարի է լինում է Հայաստանում եւ նյութեր հավաքում ժողովրդի կրոնականության դրսեւորումների մասին: Նրան հաջողվել է համախմբել գիտնականների, որոնք միասին կազմում են «Հայաստանը լատվիացիենրի աչքերով» հոդվածների ժողովածուն: Գիրքը լույս կտեսնի Լատվիայի համալսարանի հրատարակչատանը:
–Այսօր ունենք երկու հայ թարգմանիչ, որոնք բնագրից թարգմանում են լատվիացի գրողներին։ Իսկ ինչպե՞ս է ներկայանում հայ գրականությունը լատվիերեն։
–Շատ ուրախ եմ, որ Նաիրա Խաչատրյանը եւ Գոհար Ասլանյանը ձեւավորել են թարգմանիչների ստեղծագործական տանդեմ, համագործակցում են տարբեր թարգմանչական նախագծերի շրջանակներում: Եվ նրանք մեծ հաջողությունների են հասել։ Իհարկե, մեր՝ Լատվիական գրականության հարթակը, որն աջակցում է լատվիական գրականության թարգմանիչներին, կազմակերպում է ամենամյա աշխատաժողովներ Յուրմալայում եւ, անշուշտ, գովասանքի է արժանի:
Համեմատաբար քիչ բան է թարգմանվել հայերենից լատվիերեն: Խորհրդային տարիներին հայկական տեքստերը սովորաբար թարգմանվում էին ռուսերենից: Այսպիսով, օրինակ, այս տարվա հոբելյար Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքների ժողովածուն «Մայրը գնում է որդուն ամուսնացնելու» վերնագրով հասանելի է լատվիացիներին թարգմանիչ Աննա Օզոլա-Սակսեի (1899–1996) հրաշալի թարգմանությամբ. լույս է տեսել 1985 թվականին։ Այն ընդգրկում է նաեւ հիմա շատ հայտնի դարձած «Գոմեշ» պատմվածքը, որը բեմադրել է Նարինե Գրիգորյանը: Իհարկե, հիմա միջնորդ լեզվից թարգմանելու պրակտիկան չի ողջունվում, եւ մենք փորձում ենք թարգմանել բոլոր աշխատանքները միայն բնագրից: Առաջին ուղիղ թարգմանությունները բնագրից կատարել է փորձառու թարգմանիչ Սիլվիա Կյուզեն (1921–1984), ով ինքնուրույն է սովորել հայերեն եւ նույնիսկ սկսել է ստեղծել հայերեն-լատվիերեն բառարան: Նրա թարգմանությամբ դեռեւս խորհրդային տարիներին լույս է տեսել Հովհաննես Թումանյանի «Գիքորը»:
Հայկական պոեզիա թարգմանել է Մարիս Չակլայսը: Արժեքավոր է Պարույր Սեւակի բանաստեղծությունների ընտրանին, որը նա թարգմանել է Ալեքսանդր Թոփչյանի տողացի թարգմանության հիման վրա:
1989-ին, երբ վերադարձա Հայաստանից, սկսեցի հրապարակել իմ թարգմանությունները: Դրանք տպագրվել են տարբեր պարբերականներում։ Որքան հիշում եմ, ձեզ հետ միասին, Արծվի՛, տարիներ առաջ ստեղծել ենք լատվիերեն թարգմանված հայ գրականության ստեղծագործությունների ցանկը, որոնք հասանելի էին համացանցում: Հիմա, իհարկե, պետք է այն թարմացվի։ Առանձին գրքերով շատ բան չի տպագրվել։ Իմ թարգմանությամբ հրատարակվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ընտրանին, ժամանակակից արձակագիր Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն: Թարգմանությունների համար հրատարակիչ գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ֆինանսավորման համար մրցակցությունը շատ մեծ է։ Այս պահին ունենք ներկայացված հայտեր առնվազն երկու աշխատանքների թարգմանության համար, հուսով ենք, որ դրանցից գոնե մեկը կֆինանսավորվի:
–Դուք լատվիերեն եք թարգմանել բոլոր ժամանակների մեծագույն եւ դժվարագույն հայ բանաստեղծին՝ Գրիգոր Նարեկացուն։ Ենթադրում եմ, որ այն չափազանց դժվարին, սակայն նաեւ ոգեշնչող էր։
–Նարեկացու տեքստերով ապրել եմ շուրջ 15 տարի: Կոլեգաներիս խնդրանքով առանձին գլուխներ էի հրապարակում։ Լեզվի եւ բովանդակության տեսակետից այն բարդ էր, բայց արդյունքը հաճելի էր։ Մարդիկ ուրախ էին կարդալ եւ լսել այդ տեքստերը, խոստովանում էին, որ հիացած են։ Նարեկացու թարգմանության շնորհիվ ես կարողացա կապեր հաստատել Գրիգոր Նարեկացու հետազոտողների ու թարգմանիչների՝ Լեւոն Պողոս Զեքիյանի, Ժան-Պիեռ Մահեի եւ այլոց հետ, որոնք ինձ առաջարկեցին շատ օգտակար լրացուցիչ գրականություն: Ես նույնիսկ մասնակցել եմ AEIA-ի (Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցություն) երկու կոնֆերանսների այս կազմակերպության անդամների աջակցության շնորհիվ:
–Խոսենք մի թեմայով, որ միգուցե հաճելի չլինի, բայց արժե բարձրաձայնել։ Դուք Հայաստանում ուսանել եք խորհրդային ժամանակ, երբ հասարակությունն այստեղ փակ էր։ Հայ գրականության լիտվերեն թարգմանչուհի, երջանկահիշատակ Մարիտե Կոնտրիմայտեն հիշում էր, որ երիտասարդ մերձբալթիկցի աղջկա համար դժվար էր այն ժամանակվա Երեւանում ապրելը։ Ենթադրում եմ, որ ձեր փորձառությունը եւս պիտի որ հաճելի չլիներ։
–Ես չեմ ուզում ավելի մանրամասնել այս թեման այստեղ: Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ եք մտածում։ Եղել են նույնիսկ շատ ծանր իրավիճակներ, որոնք կասկածի տակ էին դնում իմ անվտանգությունը։ Բայց ես շատ երիտասարդ էի եւ չէի գիտակցում ռիսկերը: Եղել են պահեր, երբ լաց եմ եղել եւ ծնողներիս ասել, որ Հայաստան չեմ վերադառնա: Բայց ծնողներս հետեւողական էին․ ես պետք է ավարտեի համալսարանը։
–Այդուհանդերձ, ի՞նչ դրական հիշողություններ ունեք եւ ի՞նչ տվեց ձեզ Հայաստանը՝ բացի հայագետի մասնագիտությունից։
–Ինձ համար Երեւանում ապրելը հետաքրքիր էր, բայց դժվար ֆինանսական առումով, քանի որ տնից հեռու էի: Ես սիրում էի լեռները, բնությունը, վառ գույները, նայում էի Արարատին: Ինձ համար դժվար էր նաեւ այն, որ նոր էի սկսել սովորել լեզուն։ Կայուն ընկերություններ համակուրսեցիների հետ հաստատել նույնպես չհաջողվեց, որովհետեւ ես միայն երկրորդ կուրսում միացա նրանց, այդ ժամանակ բոլորն արդեն ընկերային կապեր էին հաստատել իրար հետ: Փոխարենը ես հրաշալի ուսուցիչներ ունեցա, ովքեր իմ մասին հոգ էին տանում անկեղծորեն եւ մեծ անձնազոհությամբ: Լեզվաբաններ Լուսիկ Մաքսուդյանը եւ նրա դուստր Մարիամ Կիրակոսյանն աշխատում էին առանձին ինձ հետ 1983-ի գարնանը, երբ ես առաջին անգամ եկա Հայաստան։ Լուսիկ Մաքսուդյանն օգնեց ինձ նաեւ, երբ դիպլոմային աշխատանք պիտի պաշտպանեի։ Իսկ իմ ուսուցիչ Արշալույս Փափազյանը մեր բանաստեղծներից մեկի համակուրսեցին էր Պետերբուրգում եւ նրա միջոցով մենք ծանոթացանք։ Հայերեն տառերը նոր էի սովորել Ռիգայում։ Արշալույսի հետ պարապում էինք Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում, որտեղ ինքն այդ ժամանակ աշխատում էր։ Միասին կարդում էինք Կորյունի «Վարք Մաշտոցին» աշխարհաբար եւ վերլուծում էինք բայի ձեւերը։ Ամեն դասի համար պիտի կարգին պատրաստվեի, մոտավորապես վեց ժամ, որպեսզի կարողանայի տեքստը նորմալ կարդալ։ Ավելի ուշ միշտ խորհրդակցում էի Արշալույսի հետ, երբ որեւէ զեկուցում էի պատրաստում, իր գիտելիքները միշտ զարմացնում էին եւ վստահելի էին։
Սակայն ուզում եմ նաեւ ընդգծել, որ վայելում էի կյանքի հանդեպ արեւելյան հանգիստ վերաբերմունքը։ Ինձ դուր էր գալիս, որ մարդիկ չեն շտապում։ Ես նայում էի, թե ինչպես են ծերերը, թազբեհները ձեռքներին, զբոսնում պուրակներում։ Մենք՝ հյուսիսային բնակիչներս, միշտ սթրեսի մեջ ենք։
Հիմա թվում է, թե Երեւանը դարձել է կոմերցիոն քաղաք, առնվազն՝ կենտրոնը…
–Քանի որ տարին նոր է սկսվել, կցանկանայինք իմանալ ձեր մոտակա ծրագրերից։
–Հուսով եմ, որ ժամանակակից հայ հեղինակներից մեկի աշխատանքի թարգմանության համար ֆինանսավորում կստանամ: Թարգմանության համար գործերը սովորաբար ընտրվում են ոչ թե իմ, այլ հրատարակիչների կողմից։
Եվ կուզենայի նաեւ Լատվիայում գտնել մի հաստատություն, որը պատրաստ կլիներ Հայաստանի մասին Ռայնիսի «Ամենադժբախտ ազգը» հոդվածը հրապարակել ճշտված հայկական անձնանուններով եւ տվյալներով, քանի որ բազմաթիվ սխալներ կան այս հոդվածում, որոնք փոխանցվել են ռուսերեն ձեռագրից: Հայերի ճակատագրին, պատմությանն ու գրականությանը նվիրված այս հոդվածը ստեղծվել է Սլոբոդսկի աքսորավայրում, որտեղ Ռայնիսը հանդիպել է հայ մտավորական Աշոտ Խումարյանին եւ համագործակցելով նրա հետ՝ միտք է առաջացել գրառումներ կատարել Հայաստանի մասին: Այս հոդվածը հայերենով կարելի է կարդալ 1959 թվականին Երեւանում հրատարակված Ռայնիսի ստեղծագործությունների ընտրանիում:
Եվ շատ կցանկանայի ինչ-որ նախագիծ իրականացնել Հայաստանի գործընկերների հետ համատեղ, ասենք՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում…
Արծվի Բախչինյան