Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մալիքյանն անդրադարձել է այսօր ՍԴ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները թույլ չեն տվել դատավոր Հրանտ Նազարյանին մտնել ՍԴ։
Նա գրել է․ «Հենց նոր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։
Չէին էլ կարող ներկայացնել, քանի որ միակ «իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է։
Ոստիկանության տվյալ սպաները (առնվազն նրանց հրամանատարը) կատարել են հանցագործություն և չեն կարող ազատվել պատասխանատվությունից՝ պնդելով, որ հրաման են կատարել։ Հիշեցնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով», այսինքն՝ չի ազատվում պատասխանատվությունից։
Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»։