Հանրային տրանսպորտի սակագնի թանկացման, այնուհետև մեկ ուղղության համար 150 դրամ սահմանելու, 10-անգամյա ուղևորափոխադրամն փաթեթի գինը 2200-ից 1500 դրամ իջեցնելու գործողություններում տրամաբանության բոլոր շղթաները խախտված են, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Որովհետև, երբ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ մեկ ուղևորությունը 300 դրամ է, իսկ 10 ուղևորությունը՝ 2200 դրամ, հասկանում ես, որ 10 ուղևորությունը պետք է լինի մի քիչ ավելի մատչելի, քան մեկանգամյա տոմսը։ Սա նորմալ տրամաբանություն է։ Բայց հետո, երբ մեկ ուղղությունը սահմանում ես 150 դրամ, նույն տրամաբանությամբ պետք է վերանայես նաև 10-ի գինը, այսինքն՝ եթե մեկ ուղևորությունը 150 դրամ է, 10-ը պետք է լինի ոչ ավելի, քան 1300-1350 դրամ»,- ասաց մեր մեր զրուցակիցը։
Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց՝ քաղաքային իշխանություններն ի սկզբանե հայտարարում էին, որ անհնար է տրանսպորտի գինը չթանկացնել, սակայն հիմա զեղչեր են կիրառում ամսական, տարեկան, եռամսյակային փաթեթների վրա։
«Հիմա հարց է առաջանում. իսկ բյուջեի փոփոխություն բերո՞ւմ եք, թե հնարավոր է առանց բյուջեի փոփոխության։ Դեռ որ բյուջեի փոփոխության մասին խոսք չկա, այսինքն՝ բյուջեով հնարավոր է։ Այդ դեպքում չի՞ ստացվում, որ ավել էիք հավաքագրում։
Ես ի սկզբանե ասում էի՝ չկան հաշվարկներ, ընդամենն այստեղից-այնտեղից լսված թվեր են հայտարարվում։ Որևէ մոդելավորում, ճշգրիտ հաշվարկ չկա։ Ինչպես իրենց չինովնիկներն են սիրում անել, կարելի է սխալ հարց տալ ChatGPT-ին և այդ սխալ հարցի համար սխալ պատասխան ստանալ։ Բայց պետք է մոդելավորված, ճիշտ հարցերով ու պատասխաններով առաջ գնալ, ինչը մենք այս պահին չունենք»,- ասաց Պիպոյանը։
Այս իրավիճակը, ըստ մեր զրուցակցի, նման է հետևյալին. չինարեն չիմացող մարդը որոշում է չինարեն դասավանդել։ Եթե նա մինչև համապատասխան հայտարարություն տարածելը փորձի գոնե 10 չինարեն բառ սովորել, մի քանիսի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե տվյալ անձը տիրապետում է չինարենին, բայց իրականում նա այդ լեզվին չի տիրապետում։
«Հիմա, երբ տրանսպորտային համակարգի այբբենարանը չիմացողները փորձում են այդ ոլորտը բարեփոխել, առավելագույնը կարող են տպավորություն ստեղծել, թե տիրապետում են այդ գործին, բայց իրական արդյունք դրանից չի կարող լինել»,- ամփոփեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտի գինը սահմանվում է 150 դրամ՝ մեկ ուղևորության համար:
Երևանի նախկին քաղաքապետ Հակ Մարությանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորությունը՝ 100 դրամ: «Փետրվարի մեկից՝ բոյկոտ», -գրել էր նա: