Այսօր դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հիշատակի օրն է
…2021 թվականի հունվարի 19-ին կյանքից հեռացավ դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ , իսկ ուսանողների համար պարզապես սիրելի վարպետ Վիգեն Ստեփանյանը. Արվեստագետ, ով իր կոչումը վաստակել էր սեփական կյանքով՝ ինքն իր հետ մինչև վերջ ազնիվ մնալով… Նա թողեց ավելին, քան հասցրել ենք տեսնել` բազմաթիվ դերեր թատրոնում, ֆիլմերում, ինչպես նաեւ` իր իսկ բեմադրությունները:
Վիգեն Ստեփանյանը բազմաթիվ դերեր է խաղացել ինչպես մի շարք թատրոններում, այնպես էլ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989-ին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք է դարձել «Մետրո» թատրոնի համար: Մինչեւ 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 1994-2003 թթ. աշխատել է Լիբանանում: 2003 -ին վերադառնալով Հայաստան` նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Վիգեն Ստեփանյան-արտիստը հայտնություն էր նաեւ Հեռուստաթատրոնի եւ ռադիոյի համար` իր կերտած կերպարներով, գլխավոր ու էպիզոդիկ դերերով, որոնց մասին քիչ է խոսվել:
Դրանցից մեկը գրող, դրամատուրգ, ազգային հիշողության պահապան Հովհաննես Մելքոնյանի սցենարով գրված «Հրաչյա Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացումն էր, որտեղ Վիգեն Ստեփանյանը մարմնավորել է գրող Հրաչյա Քոչարին: Ներկայացման այս ձեւով պատմվում է գրողի, լրագրողի մասնակցությունը Մեծ Հայրենականին: Իսկ Վիգեն Ստեփանյան-Հրաչյա Քոչարը խաղացել է անկրնկնելի:
Հաջորդ աշխատանքներից մեկն էլ Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» ստեղծագործության հիման վրա բեմադրված գործն էր, որտեղ Վիգեն Ստեփանյանը խաղացել է Հաստինքսի կերպարը:
Ավագ սերունդը չի մոռացել «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» հեռուստաներկայացումը, որտեղ Վիգեն Ստեփանյանը հրաշալի է մարմնավորել իր հերոսին…
Եվ ո՞րն է գաղտնիքը, որ Վիգեն Ստեփանյան-արտիստը այդքան առինքնող ու կոլորիտային էր իր խաղացած դերերում….Թերևս այն, որ նա նաև ինքն էր հրաշալի բեմադրիչ, գրում էր սցենարներ, որոնցից ծնվել են նաև մանկական մյուզիքլներ…
…Վիգեն Ստեփանյանը հրաշալի արտիստ լինելուց բացի նաև ճշմարիտ Մտավորական էր, ում կարելի էր տեսնել պայքարի առաջին շարքերում, որովհետև նրան բնորոշ էր հայրենատեր լինելու զգացումը, ինչն այսօր բացակայող հատկանիշ է շատերի մոտ:
Վիգեն Ստեփանյանն այն մարդն էր, ում համար կարևոր էր բոլոր տիտղոսներից առաջ լինել Հայրենիքի զավակ, ով ունակ է զգալ ազգի ցավը և պայքարել ցանկացած վարչակարգի դեմ: Եվ իր վերջին շրջանի հարցազրույցները բացառապես Արցախի կորստյան ցավի ու պայքարի մասին էին…
Նրա համար հայրենասիրությունը կենսակերպ էր: Պայքարում էր մեր ազգի ընթացքին խանգարող ամեն բացասական երևույթի դեմ՝ միաժամանակ քաջ իմանալով , թե ո՞րն է հայ լինելու տառապանքն ու երջանկությունը.
-Երբ քո մեջ մտնի հայ լինելու երջանկությունը և պատասխանատվությունը, բոլոր բացասական երևույթներն ինքնին արմատախիլ կլինեն,- սա էր իր մարդկային տեսակը:
Միշտ հիշելու ենք Ձեզ սիրելի արտիստ:Դուք չտեսաք, թե ինչպես շրջափակվեց ու հայաթափվեց Արցախը…Մեր ու Ձեր պայքարը ոչ թե ավարտված չէ, այլ նոր է սկսվում: Մենք սերունդների առաջ պարտք ունենք՝ վերականգնել մեր Հայրենիքի իրակա՛ն սահմանները: Եվ այդ պայքարի ընթացքին միշտ հիշելու ենք Ձեր խոսքը.
-Մի մատը լոկ մի մատ է, 5 մատը բռունցք է, ուրեմն բռունցք՝ մեր հայրենիքի համար…
Հասմիկ Պողոսյան