Հայաստանի արձագանքը Զանգեզուրի միջանցքին տարակուսելի է. այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեկնաբանելով «Ռոսիա» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարի եթերում «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործման առնչությամբ Ռուսաստանին ուղղված Հայաստանի բողոքի նոտան՝ Զախարովան նշել է, որ խոսքը լրագրողի խոսքերի մասին է. «Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, ավելին՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա հրամայական է հրամարում. սա մեկ։
Երկրորդ՝ պաշտոնական Երևանը քաջատեղյակ է մեր պաշտոնական դիրքորոշմանը։ Այս դիրքորոշման էությունը բազմիցս ասվել է մեր կողմից, այդ թվում՝ մեր ճեպազրույցներում… Խոսքը 2020 և 2021 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների հիման վրա Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների համապարփակ ապաշրջափակման մասին է։ Խոսքն առաջին հերթին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է։ Այս հայտարարության մեջ՝ ներառյալ Զանգեզուրի միջանցքի մասին կետը, ամեն ինչ հստակ ասված է։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ այս հայտարարության այս հատվածը, հիմա էլ կանեմ»,- ընդգծել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հայտարարության մեջ նշվում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, ինչպես նաև այն փաստը, որ այս երթուղու տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը։