«Կրթությունը նորաձև է» ուղերձը թյուրիմացություն է, և նույնիսկ հակասահմանադրական: Ես դա ձեզ ասում եմ որպես հանրային հաղորդակցության բազմաթիվ միջազգային վերապատրաստումներ անցած իրավապաշտպան, և կարող եմ հիմնավորել հստակ կետերով:
Նախ կրթությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որն ամրագրված է ՀՀ սահմանադրության 38-րդ կետով, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք և միջնակարգ կրթությունն անվճար է:
Այսինքն, այն, ինչ ամրագրված է հիմնարար փաստաթղթում, չի կարող լինել նորաձև:
Եվ ի՞նչ է նորաձևությունը ընդհանրապես, դա էլիտիզմի դրսևորում է: Վերցնենք որևէ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու, ո՞ր մեկս է հետևում նորաձևությանը, ո՞վ ունի այդքան ազատ դրամական միջոց, որ հետևի, թե ինչ նորաձև հագուստ, մեքենա ու կահույք է դուրս եկել շուկա ու գնա խելապատառ գնումների:
Նորաձևվությունից օգտվում է միայն ֆինանսապես ապահովված էլիտան, և կրթությունը տեղադրել նորաձևության տիրույթում նշանակում է հրաժարվել պետության կողմից պարտադիր որակյալ կրթության ապահովման պարտավորությունից:
Սա նաև հանրությունը շերտավորող, պառակտող ուղերձ է, քանի որ ստեղծում է դասակարգային անջրպետ՝ ռեսուրսների տիրապետող էլիտաների ու սոցիալապես ոչ այնքան ապահով շերտերի միջև:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյան