Կոմիտասի անվան քառյակը հայ երաժշտական մշակույթի զարդն է:
Արամ Խաչատրյան
1924 թ. հսկայածավալ կարմիր տերության մայրաքաղաքում արվեստի աշխարհ նոր-նոր ոտք դնող մի խումբ երիտասարդ խիզախների՝ Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լեւոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) եւ Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար՝ Ե. Գուզիկով) ստեղծվում է քառանվագ մի արվեստավոր ընկերակցություն: «Այս երիտասարդ քառյակը ոչ հեռու ապագայում կգրավի առաջին տեղերից մեկը»,- նորահիմն քառյակի մասին ասում է խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Միխայիլ Իպոլիտով-Իվանովը: Կանցնի մի կարճ ժամանակահատված, եւ մեջբերյալ խոսքերը կդառնան մարգարեական: Այսպիսով՝ երիտասարդակազմ արվեստախմբի ստեղծում, եւ ստեղծումից շատ չանցած՝ դեպի գագաթ ու այնտեղ՝ մինչ օրս՝ արդեն հարյուր տարի. հայ բազմահազարամյա մշակույթի ջահերթին միանում է ջահակիրների մի նոր խումբ, որ կոմիտասյան, եւ ոչ միայն կոմիտասյան, աստվածապարգեւ հնչյունները պիտի փոխանցեր սրտից սիրտ, հոգուց հոգի, մարդկության արվեստակիր հատվածին որպես հոգու բարձրաժեք ու մշտամնա նշխար, որպես հայ ինքնության անհեքելի ապացույց պիտի ներկայացներ հայ հնչյունն ու հայկականը՝ փայլուն կատարումներով հոգու տոն ու տոնախմբություն պարգեւելով բյուրավորների:
1931 թ.-ից քառյակն անվանվում է Հայկական ԽՍՀ պետական քառյակ: 1932 թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ նրան տրվում է Կոմիտասի անունը: 1932 թ.-ից համերգներով շրջագայում է ԽՍՀՄ հանրապետություններում: 1934-ին քառյակին շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում: 1936 թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության մրցույթում քառյակն արժանանում է առաջին մրցանակի, 1938 թ. լարային քառյակների համամիութենական մրցույթում կիսում առաջին մրցանակը: 1938-ին քառյակի երաժիշտներին շնորհվում են ՀԽՍՀ վաստակավոր, 1945-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստների կոչումներ: 1946 թ. քառյակն արժանանում է ԽՍՀՄ պետական մրցանակի: Խորհրդային երաժշտախմբերից առաջինն է լինում, որ հետպատերազմյան շրջանում` 1953-ին, մեկնում է արտասահմանյան հյուրախաղերի: 1965-ին արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի: 52 տարի անընդմեջ քառյակի 1-ին ջութակն ու գեղարվեստական ղեկավարն է եղել համբավավոր երաժիշտ Ավետ Գաբրիելյանը, 44 տարի քառյակին իր մեծ ներուժն է նվիրաբերել բարձրատաղանդ թավջութակահար եւ կոմպոզիտոր Սարգիս Ասլամազյանը: 1970 թ. Ա. Գաբրիելյանը քառյակ է հրավիրում Մոսկվայի կոնսերվատորիայի ավարտական կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թադեւոսյանին: 1976-ից առ օրս երաժշտախումբը արվեստի տաճարում իր սրբազան նշխարաբաշխումն իրականացնում է մաեստրո Թադեւոսյանի արվեստապետությամբ: 2014 թ. նոյեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Կոմիտասի անվան պետական քառյակին շնորհվում է «ազգային» կարգավիճակ:
Իր մեկդարյա արվեստաստեղծման ընթացքում կոմիտասանուն քառյակը շրջագայել է աշխարհի ավելի քան 50 երկրում. արդյունքը՝ նվաճված համերգասրահներ Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Նորվեգիայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ այլուր: 1963 թ. լարային քառյակը մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հետ ԱՄՆ-ում կատարած 42-օրյա համերգային շրջագայությունից հետո ընդունվել է Սպիտակ տանը` նախագահ Ջոն Քենեդու կողմից: Լեգենդար քառյակը համագործակցել է մի բույլ աշխարհահռչակ անունների հետ, բազմաթիվ հայ եւ օտարազգի կոմպոզիտորներ իրենց ստեղծագործություններն են ձոնել նրան, երաժշտական աշխարհի մի շարք մեծեր արժանցրել իրենց բարձր գնահատանքին: Խմբի գործունեությանն անդրադարձել է մամուլը՝ հայ եւ արտասահմանյան, տվել հիացական գնահատականներ. հատկապես հետաքրքրական ու կարեւոր են դասական արվեստի գերտերություններում տրվածները. մեկը դրանցից. «Կատարողներից յուրաքանչյուրը իր տեսակի մեջ վիրտուոզ է: Վիեննան երկար տարիներ էր ապրել, որպեսզի ունկնդրեր այսպիսի համույթ եւ զգար, որ իր սեփական լարային քառյակներից եւ ոչ մեկն իր փայլով ու փառքով չի կարող համեմատվել Կոմիտասի քառյակի հետ». ահա այսպիսի խոսքեր են ասվել մեր քառյակի մասին դասական երաժշտության մայրաքաղաքներից մեկում՝ Վիեննայում («Էսթերռայխիշե ցայտունգ», 1955թ.): Եղել են եւ այլ անդրադարձներ:
Այս նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն: Լարային խումբը իր մի շարք համերգների հասույթից մաս է հատկացրել բարեգործությանը:
Այսօր շարունակում է լայնակոս հերկը իր արվեստախումբը հարյուրամյա. երաժշտացանկում՝ հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական դասական երաժշտարվեստի հավերժափայլ գոհարներ եւ Կոմիտաս՝ որպես անխախտ ներկայություն: Քառյակի համերգների ժամանակ, իբրեւ չորս գործիքների լարերին երաժիշտների կախարդական հպումների արդյունք, վերակենդանանում, վերարթնանում, վերհառնում են մեծերի քանքարով ստեղծված եւ քաղաքակիրթ աշխարհի մշտական ուղեկիցը դարձած անանէանալի հնչյունները, նաեւ ոչ հայ ունկնդիրների հոգիներ ու սրտեր մուտք գործում կոմիտասյան աստվածային հնչյունները՝ գուցե այնտեղ հյուսելով մի փոքր Հայաստան: Քառյակի արվեստարար անդամները՝ Էդուարդ Թադեւոսյան՝ գեղարվեստական ղեկավար՝ 1976-ից, եւ 1-ին ջութակ, պետական մրցանակի եւ միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ պրոֆեսոր, Սյուզի Երիցյան՝ 2-րդ ջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, ԵՊԿ պրոֆեսոր, Անժելա Սարգսյան՝ թավջութակ, հատուկ մրցանակի դափնեկիր, հանրապետական մրցույթների դափնեկիր, կատարվելիք ստեղծագործություններին, հատկապես կոմիտասյան, մոտենում են մեծ ակնածանքով, ինչպես հավատացյալը կմոտենար աղոթավայրին:
Արդեն մեկ դար հայ եւ, ինչու ոչ, համաշխարհային երաժշտային արվեստի աստղաշխարհում վառ շողշողում է Կոմիտասի անվան՝ աշխարհի հնագույն գործող քառյակի աստղը. Երկրորդ համաշխարհայինն անգամ չլռեցրեց նրա հրաշագործ լարերը: Տարածության ու ժամանակի մեջ աներկրորդելի Կոմիտասի անվանակրությունը երիցս արդարացրած՝ այն շարունակում է իր արարչական ընթացքը հնչյունների կախարդիչ աշխարհում: Քառյակի յուրաքանչյուր համերգ պարտքի մարում է՝ ուղղված Կոմիտաս վարդապետին, եւ խոնարհում մեծարժեք երաժշտության առջեւ: Գեղեցիկը, արվեստը, ազգայինն ու համամարդկայինը սիրող, պաշտող յուրաքանչյուր հայի ու ոչ հայի հոգուց բխող ցանկություն ու մաղթանք է վստահաբար, որ կոմիտասանուն, կոմիտասաշունչ, կոմիտասապաշտ քառյակի այս հոբելյանական հարյուրին անվերջ ավելանան բազում-բազմաթիվ այլ հարյուրներ, եւ որ նրանց կատարումների երկունք երաժշտությունը, հատկապես կոմիտասյան, կատարողների տաղանդով օրհնված, մշտապես հասնի ազգերին բոլոր:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)Բան. գիտ. թեկնածու