Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ «աճող բռնաճնշումների» առնչությամբ և Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Meydan անկախ լրատվամիջոցի աշխատակիցներին, ինչպես նաև այլ անձանց, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց կատարած աշխատանքի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ընդ որում, ձերբակալված անձանցից երկուսն այս շաբաթ պետք է Վաշինգտոնում պարգևատրվեին Պետքարտուղարության «Մարդու իրավունքների պաշտպան» մրցանակով։ Նրանցից մեկը Ռուֆատ Սաֆարովն է՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ձերբակալությունները և հետապնդումները, ինչպես նաև մարդկանց խոշտանգումների մասին հաղորդումներն արձանագրող Defense Line կազմակերպության համահիմնադիրը, որը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին՝ ԱՄՆ մեկնելուց օրեր առաջ։
Մյուսն Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին է, որն իր թիմի հետ միասին նյութեր էր հրապարակել կառավարության պաշտոնյաների կողմից վերահսկվող ընկերություններում անօրինական տենդերների մասին։ Նա ձերբակալված է 2023 թ. նոյեմբերից և հեռակա կարգով արժանացել է Պետքարտուղարի 2024 թ. «Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ» մրցանակին։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանության համար անարդարացիորեն ձերբակալվածներին, դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները, հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն անդամակցելիս ստանձնած պարտավորությունները», – նշված է ԱՄՆ պետքարտուղարի տարածած հայտարարության մեջ։