Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Բրյանսկի շրջանի վրա ATACMS հրթիռներով ազդանշան են, որ Արևմուտքը ցանկանում է էսկալացիա։ Նման հարվածներն անհնարին կլիներ առանց ամերիկացիների մասնակցության. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Այն փաստը, որ այս գիշեր Բրյանսկի շրջանում բազմիցս կիրառվել են ATACMS հրթիռներ, իհարկե, ազդանշան է, որ Արևմուտքն էսկալացիա է ուզում: Իսկ առանց ամերիկացիների, անհնար է օգտագործել այդ բարձր տեխնոլոգիական հրթիռները. այդ մասին բազմիցս խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- նշել է նախարարը։
Լավրովը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարն արդեն զգուշացրել է արևմտյան երկրներին, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի դիրքորոշումը, եթե հիմա քննարկվող միջակայքը՝ մինչև 300 կմ, հաստատվի։
«Ըստ էության, դա Ուկրաինայի համար թույլտվություն չէ հեռահար հրթիռներ օգտագործելու համար։ Սա ընդամենը հայտարարություն է, որ մենք հիմա կխփենք մինչև 300 կմ»,- հավելել է նա։