Եթե այս տարբերակով գնանք, փոքր խանութներն ի վերջո կփակվեն, հետո սուպերմարկետներն իրենց գները կբարձրացնեն, և կստացվի, որ սպառողին էլի հարված կհասցնենք, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համոզմունք հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Դիմելով հանձնաժողովի նիստին ներկա Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ պատգամավորը շեշտեց, որ վերջինս հետաքրքիր մարտավարություն ունի։
«Ակնհայտ բաները, որոնց հնարավոր չէ հակառակվել, դնում եք Ձեր խոսքի հիմքում և կառուցում Ձեր միտքը։ Հետո տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մարդիկ դեմ են սպառողների իրավունքների պահպանմանը։
Ես համարյա թե չեմ հիշում պրակտիկա, որ հարցերն այսպես հանգամանալից քննարկենք, հետո ասենք՝ լա՛վ, եկեք առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո կտեսնենք՝ ինչ է լինում, ինչ չի լինում։ Ես չեմ հիշում, որ «ինչ ա լինում, ինչ չի լինում». միշտ էլ էն ա լինում, ինչ պետք է լինի»,- ասաց Աղազարյանը։