Բուլղարիայում վերջնագիծը հատեց շախմատի «Զոլոտիե պեսկի» մրցաշարը, որի մասնակիցների թվում էին հայ 5 շախմատիստներ: Նրանցից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Ավարտական 2 տուրերում Տիգրանը հաշտություն կնքեց Դրագիսա Բլագոեւիչի հետ եւ հաղթեց Ալեսանդրո Բոնաֆեդեին: Պետրոսյանն ընդամենը մեկ միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող Նիլս Գրանդելիուսից: 7-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին չեխ Զբինեկ Հրաչեկը, ռումինացի Վլադիսլավ Նեւեդնիչնին, մակեդոնացի Վլադիմիր Գեորգիեւը եւ հնդիկ Վենկատեշը:
5,5-ական միավորով համապատասխանաբար 42-րդ եւ 47-րդ տեղերը զբաղեցրին Դավիթ Պառավյանն ու Ավետիք Գրիգորյանը: Պառավյանը շատ հաջող էր մեկնարկել եւ գտնվում էր առաջատարների շարքում, սակայն հետագայում ռուսաստանցի շախմատիստն անհաջող ելույթներ ունեցավ: Վերջին 2 տուրերում նա 1,5 միավոր վաստակեցՙ ոչ-ոքի խաղալով Մոհապատրա Սիդհանտի հետ ու հաղթելով Թամազ Մգելաձեին: Ավետիք Գրիգորյանն էլ հաշտություն կնքեց Վալենտին Փանբուկչյանի հետ եւ պարտության մատնեց Կլաուս Ֆրիդրիխսին:
Բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 5 միավորով հանգրվանեց 92-րդ հորիզոնականում: Նա պարտվեց Ռոման Սկոմորոխինին եւ հաղթեց Եգե Կոկսալին: Բուլղարիան ներկայացնող Վալենտին Փանբուկչյանը 4,5 միավորով զբաղեցրեց 102-րդ հորիզոնականը: