Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է համագործակցության հարուստ օրակարգ տարբեր ոլորտներում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան Երեւանում Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով, հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ամուր բարեկամության վրա, և գործակցությունն ընդգրկում է քաղաքականությունից մինչև մշակույթ՝ անընդհատ հարստանալով նոր տարրերով։
Նախարարն ասաց, որ նախօրեին ֆրանսիացի գործընկերոջ հետ այցելել է Վեդիի կառուցվող ջրամբար, որը երկու երկրների տնտեսական համագործակցության վառ օրինակ է։
Իր հերթին, Ստեֆան Սեժուրնեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ իր համար պատիվ է գտնվել մի երկրում, որը «մոտ է ֆրանսիացիների սրտերին»։ Նախարարն ասաց, որ նախօրեին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և բուռն հույզեր է ապրել։ «Հայոց ցեղասպանությունը մի բան է, որը մեծ դեր է խաղացել մեր երկրների պատմության մեջ»,- նշել է ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, հուշահամալիրի ճանապարհին նա հանդիպել է բազմաթիվ ֆրանսիացիների, ինչը երկու ժողովուրդների խորը հարաբերությունների եւս մեկ վկայություն է։ «Երբ պատմական ռեվիզիոնիզմն օգտագործվում է պատմական հանցագործություններն արդարացնելու համար, անհրաժեշտ է պայքարել հանուն հիշողության և ընդդեմ ստի», – ասել է Սեժուրնեն: Որպես ընդհանուր պատմության օրինակ՝ նա բերեց դիմադրության մարտիկներ Միսաք և Մելինե Մանուշյաններին, որոնց աճյունը վերջերս վերաթաղվեց Պանթեոնում:
Անդրադառնալով տնտեսական զարգացմանն օժանդակելուն, նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում փորձագետ կուղարկվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։