Իհարկե, Արմեն Աշոտյանի կալանքը շարունակվելու է, բայց տնային պայմաններում, ընտանիքի կողքին։ Նա շարունակում է մնալ քաղաքական բանտարկյալ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այս գործը ոտքից գլուխ ունեցել է քաղաքական դրդապատճառներ։ Դրա մասին խոսել ենք և խոսում ենք։ Նույնիսկ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է դրա մասին խոսել՝ ոչ մեկ անգամ։
Մանրուք է, բայց հաճելի մանրուք է. Արմեն Աշոտյանը կմիանա իր ընտանիքին, իր երեխաներին, իր հայրիկի, քրոջ, եղբոր հետ կհանդիպի։ Դա կարևոր է. ավելի շատ դրական եմ համարում, քան բացասական։
Իսկ գլոբալ առումով, այո՛, պնդում եմ, որ եթե Հայաստանում լինի իրավական արդարադատություն, ապա Արմեն Աշոտյանն այս գործով պետք է արդարացվի»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկմանը, որ դատախազը և դատավորն անընդհատ խոսում էին կասկածների փարատման մասին, ո՞ւմ կասկածներն ըստ իրեն պետք է փարատվեն, Շարմազանովը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանի։
«Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ինքն «իզմ»եր չունի, օրը 78 անգամ կարծիք է փոխում, տրամադրություն է փոխում, տրամադրության անկում ու վերելք է ունենում, դժվար է այդ մարդու գործողությունների մեջ տրամաբանություն կամ հետևողականություն կանխատեսել։ Հետևողականություն կարող եմ կանխատեսել, որ ինքը հետևողականորեն մեր երկիրը տանում է դեպի գահավիժում»,- ամփոփեց հանրապետական գործիչը։