Կառավարության ծախսային քաղաքականությունների էֆեկտիվության հետ որոշակի խնդիրներ կան. սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում շատ պետական միջոցներ արդյունավետ չեն ծախսվում, բայց կառավարությունն օդից չի ընկել: Մենք մեր տների, մեր միջավայրի ծախսային մշակույթի կրողներն ենք: Հասկանալու համար, թե ինչպես է ծախսում կառավարությունը գումարները, պետք է գնալ մեր հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, տեսնել, թե ինչպես ենք ծախսում այդ միջոցառումների վրա, ոնց այնտեղ ենք ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում:
Երբ առիթ է լինում ռեստորաններում լինել, տեսնում եմ, որ համատարած մեր բոլոր քաղաքացիներն իրենց անհրաժեշտից մի 20-30 տոկոս ավելին են պատվիրում: Մարդիկ հաշիվը փակում են, գնում, աչքդ ընկնում է՝ ոնց որ նոր դրած սեղան լինի, երեք այդքան մարդ կարող է գալ, նստել, սնվել:
Նկատի ունեմ, որ սա իրականում սոցիալ-հոգեբանական, կրթության խնդիր է: Բայց ուզում եմ ասել, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը ամենահրաշալի բանն է, որ մենք կարող ենք անել մեր պետության համար, այս ծրագիրը ֆունդամենտալ կերպով այսօր արդեն փոխում է մեր երկրի կերպարը ու ապագան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
News.am