Իսրայելում իշխանության դեմ կազմակերպված ցույցին մասնակցել է մոտ 500,000 մարդ: Պահանջում են վերադարձնել պատանդներին՝ զինադադար կնքելով ՀԱՄԱՍ-ի հետ:
Իսրայելի ոստիկանությունը սեպտեմբերի 1-ի երեկոյան Թել Ավիվում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցից հետո ձերբակալել է 29 մարդու։
Երկրի ոստիկանության տեղեկություններով՝ ձերբակալվածները բախվել են իրավապահների հետ, փակել են ճանապարհների երթեւեկությունը, խախտել հասարակական կարգը։ Այժմ բոլոր ճանապարհները մաքրված են ցուցարարներից, երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է, հավելել են ոստիկանությունից։
Սեպտեմբերի 1-ի երեկոյան ամբողջ Իսրայելում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ երկրի կառավարությունից պահանջելով անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին։ Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ ցույցերը ամբողջ երկրում հավաքել են ավելի քան 700 հազար մասնակից, որոնցից ավելի քան 500 հազար մարդ մասնակցել է Թել Ավիվի ամենամեծ հանրահավաքին։ Սա վերջին ամիսների ընթացքում ցուցարարների ռեկորդային թիվ է։
Պատանդների ազատ արձակման գործարքի շուտափույթ կնքման պահանջով ցույցը կազմակերպիչները հրավիրել էին Գազայում արմատականների կողմից վեց պատանդների սպանության մասին հաղորդումներից հետո, որոնց թվում էր Ալեքսանդր Լոբանովը, որը ևս Ռուսաստանի քաղաքացիություն ուներ։
Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ ստորգետնյա թունելում հայտնաբերել են վեց պատանդների դիեր։ Բանակի խոսնակ Դանիել Հագարին սեպտեմբերի 1-ին ասել է, որ պատանդները սպանվել են արմատականների կողմից՝ իսրայելական զորքերի տարածք մտնելուց առաջ։