Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգության հիմնական պատճառը Միացյալ Նահանգների գլխավորած հավաքական Արեւմուտքի կանխամտածված հակառուսական քաղաքականությունն է։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս կարծիքը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոնղոլիա կատարած այցի նախօրեին մոնղոլական Onoodor թերթին տված հարցազրույցում։
«Ուկրաինայում ընթացող ողբերգության հիմնական պատճառը հավաքական Արևմուտքի կանխամտածված հակառուսական քաղաքականությունն է՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ», – ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ նշելով, որ արևմտյան քաղաքական գործիչները տասնամյակներ շարունակ ձգտում են լիակատար վերահսկողություն ունենալ Ուկրաինայի վրա։
«Նրանք այնտեղ ֆինանսավորում էին ազգայնական և հակառուսական կազմակերպություններին և համակարգված կերպով քարոզում էին այն հայեցակարգը, որ Ռուսաստանը, իբր, Ուկրաինայի հավերժ թշնամին է, նրա գոյության գլխավոր վտանգը»,- հավելել է նա։









