2020 թվականին մանկապարտեզում բռնության ենթարկված երեխաների մայրիկ Վիկտորյա Ռստակյանն այսօր «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում» թեմայով քննարկման ժամանակ պատմեց, որ իր զույգ բալիկների նկատմամբ ֆիզիկական բռնությունը տեղի է ունեցել «Մեր բակ» մասնավոր մանկապարտեզում։ Այն ժամանակ երեխաները 2,5 տարեկան են եղել։
«3 օր հաճախելուց հետո երեխաները պատմում էին, որ իրենց ծեծում են։ Ամեն մեկը պատմում էր, որ մյուսին էին ծեծում, ոչ թե իրեն, քանի որ վախենում էին ասել, որ իրենց ծեծել են. դաստիարակն ասել էր՝ չասեք, որ ձեզ ծեծում են, բայց չէր ասել, որ չասես՝ քուրիկիդ էլ են ծեծել։ Իրենք էլ գալիս, պատմում էին։ Կապվեցի մանկապարտեզի հետ, բայց և՛ տնօրենը, և՛ դաստիարակը ժխտում էին»,- պատմեց երեխաների մայրը։
Ավելի ուշ պարզ է դառնում, որ 2,5 տարեկան՝ հազիվ խոսող երեխաները ճշմարտությունն են ասել։
«1 տարի տևեց նախաքննությունը, և 3 տարի էլ դատական գործընթացն է։ Կարծես նոր-նոր վերջը երևում է։ Հազիվ կարողացել ենք վկաներին հավաքել իրար գլուխ, որ վկայություն տան, կես տարի տնօրենին չէր հաջողվում բերել դատարան, որ վկայություն տա»,-ասաց նա։
Վիկտորյա Ռստակյանը նաև ավելացերեց, որ դեպքից միայն 4 տարի անց՝ մի քանի ամիս հետո միգուցե վճիռը կայացվի։
«Խոսվում է, որ այս մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Միգուցե 20-30 տարի հետո մենք արդյունք ունենաք, բայց ես այդ խնդրի մեջ եղել եմ և կարող եմ ասել, որ միայն դաստիարակին պատժելը չի կարող լուծում լինել։ Մենք սկսում ենք ներքևի օղակից, և խնդիրն իրականում լուծում չի ստանում։ Մանկապարտեզի տնօրենը պետք է իմանա, որ եթե իր նմանկապարտեզում նման դեպք է գրանցվում, ինքն առաջինն է պատժվելու, կորցնելու է աշխատանքը, թիրախավորվելու է։
Եթե մանկապարտեզում նման դեպք է լինում, և տնօրենը չի հեռանում իր պաշտոնից, ուրեմն դա կրկնվելու է, ուրեմն ուրիշ դաստիարականերն էլ կարող են դա անել։ Տնօրենն ունի բոլոր հնարավորությունները և իրավասությունը՝ տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում սենյակներում»,- նշեց Վիկտորյա Ռստակյանը՝ հավելելով, որ իր երեխաներն այժմ հաճախում են պետական մանկապարտեզ և շատ են սիրում իրենց դայակներին ու դաստիարակներին։ Սա, ծնողի համոզմամբ, տնօրենի ճիշտ աշխատաոճի արդյունք է։