Ֆրանսիայի իշխանությունները մերժել են մի քանի տասնյակ օտարերկրացու մուտքը Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին՝ լրտեսության պատճառաբանությամբ: Արգելքը վերաբերում է մոտ հարյուր մարդու Ռուսաստանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից, Le Journal du Dimanche-ի հետ հարցազրույցում ասել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
Նա պարզաբանել է, որ խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք ցանկանում էին 2024 թվականի օլիմպիական խաղերին գալ լրագրողների, ֆիզիոթերապևտների կամ տեխնիկական անձնակազմի անվան տակ։ Դարմանենը մտավախություն ունի, որ նրանք կիրականացնեն կիբեռհարձակումներ: Միաժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեում աշխատող ռուսներին թույլատրվել է մասնակցել խաղերին։
Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳ նախարարի, հետախուզական ծառայությունների ստուգած 960 հազար գործով 4340 մարդ, այդ թվում՝ կամավորներ, մարզադաշտի աշխատողներ և սպորտային պատվիրակությունների անդամներ, զրկվել են 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ աշխատելու թույլտվությունից և միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից։ Խոսքը վերաբերում է ենթադրյալ ահաբեկիչներին, իսլամիստներին, աջերի և ձախերի արմատական ակտիվիստներին, ինչպես նաև նախկինում հանցագործությունների համար դատապարտվածներին:
Հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերին կմասնակցի 15 ռուս և 16 բելառուս մարզիկ: Նրանք հանդես կգան չեզոք կարգավիճակով։