Արցախում հայոց քրիստոնեական մշակութային ժառանգությունը վտանգված է, Ադրբեջանը ոչնչացնում է այն, ծանուցում է Ավստրիայի կաթոլիկական գործակալությունը՝ kathpress-ը հուլիսի 18-ին՝ հղում անելով Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր հայագետ Յասմին Դում- Թրագութին: Հայագետի հետ այդ թեմայով հարցազրույց է հրապարակվել Վիեննայի եկեղեցական թերթում, որն ամբողջական կարելի է ունկնդրել հուլիսի 22-ին, ժամը 17.30-ին, radio klassik Stephansdom ռադիո եթերին հետեւելով: Դում- Թրագութի հիշատակմամբ, «խաղաղ ժամանակ արդեն Ադրբեջանը ոչնչացրել է 28 000 հայկական մշակութային կոթող, իսկ թե հիմա ի՞նչ է կատարվում ԼՂ-ում, հստակ չգիտենք, արտոնություն չկա այնտեղ մուտք գործելու, արբանյակային լուսանկարներն են փոխանցում»: Դում- Թրագութն ընդգծում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն որպես քրիստոնեական վկայություն, այլեւ՝ համաշխարհային մշակութային արժեք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա