Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնում են, որ դրան կմասնակցեն 45 եվրոպացի առաջնորդներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի առանցքային թեմաներն են Ուկրաինայի հակամարտությունը, էներգետիկ անվտանգությունը, միգրացիան, և նպատակն է «պահպանել միասնությունը՝ ի պատասխան Եվրոպայում և նրա սահմանների մոտ հակամարտություններին և անկայունությանը», հայտնում է Turan-ը։
Եվրոպական քաղաքական համայնքը գոյություն ունի 2022 թվականի մայիսից։ Դրա ստեղծումը նախաձեռնել է Ֆրանսիան։
Համայնքը տարին երկու անգամ անցկացնում է գագաթնաժողովներ, որոնց հրավիրվում են 44 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարները։
Գագաթնաժողովի պլանը հետևյալն է. սկզբում բացման լիագումար նիստ, ապա երեք կլոր սեղան՝ նվիրված միգրացիային, էներգետիկային և հաղորդակցությանը, ինչպես նաև ժողովրդավարության պաշտպանությանն ու ապահովմանը։
Գագաթնաժողովը կեզրափակվի փակման լիագումար նիստով։
Այս հանդիպումը տեղի է ունենում Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, որտեղ Ուկրաինան նույնպես առանցքային թեմաներից էր։
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Հնարավոր է, որ նրանք երկկողմ հանդիպում անցկացնեն։