Գոնե մեզ համար դոգմա է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի դեպի ժողովուրդը, արտաքին քաղաքականության՝ համար մեկ օրակարգային կետը պետք է լինի ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև զարգացումը. սա է արտաքին քաղաքականության հիմնական նպատակը։ Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։
Բանախոսը խորին համոզմունք հայտնեց, որ դեպի ժողովուրդն ուղղված արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր, կոմպլեմենտար և բալանսավորված։
«Շատ դժվար է այսօր նման քաղաքականություն իրականացնել, բայց դա հնարավոր է, ընդամենը պահանջվում է ավելի շատ ռեսուրս։ Ես նկատի չունեմ ֆինանսը, ես առաջին հերթին նկատի ունեմ ինտելեկտը, գրավչությունը, կանխատեսելիությունը, և դա հնարավոր է։
Անուն չեմ ուզում նշել, բայց նույն մեր տարածաշրջանում կա մեկ երկիր, որը բավականին մեծ և լայն ռեսուրս է ծախսում, որպեսզի բալանսավորված արտաքին քաղաքականությունն իրականություն դարձնի։
Մենք շատ լավ հասկանում ենք, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակը չպետք է բացառի մեր համագործակցության հեռանկարները ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ. ճիշտ հակառակը։ Սա այն քաղաքականությունն է, որն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում տիրում է ամբողջ աշխարհում»,- ասաց Ավետ Ադոնցը։
Վերջում դիվանագետը հիշեցրեց՝ իրենց հիմնական նպատակը հանրությանը տեղեկացնելն է այն հիմնական այլընտրանքային քաղաքականության մասին, որն ուղղված կլինի դեպի ժողովուրդը։