Ռուսաստանը բանակից կազատի Ուկրաինայում պատերազմի համար հավաքագրված Հնդկաստանի քաղաքացիներին այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անել դա, NDTV հեռուստաալիքին պատմել են իրազեկ աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Մոդին, որը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, այս հարցը բարձրացրել է Պուտինի հետ ընթրիքի ժամանակ։ ՌԴ նախագահը խոստացել է կատարել նրա խնդրանքը եւ հնդիկներին վերադարձնել հայրենիք, նշել են NDTV-ի զրուցակիցները։
«Դուք շատ եռանդուն մարդ եք։ Դուք կարողանում եք հասնել արդյունքների՝ ի շահ Հնդկաստանի եւ հնդիկ ժողովրդի»,- ասել է Պուտինը Նովո-Օգարյովոյի նստավայրում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
Հնդկաստանի իշխանությունները տարեսկզբին դիմել էին Մոսկվային այս հարցով։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը խնդրել էր ՌԴ ՊՆ-ին թույլ տալ հնդիկներին հեռանալ բանակից՝ չսպասելով պայմանագրերի ժամկետի ավարտին, գրել է The Hindu պարբերականը։
Հնդկաստանի ԱԳՆ-ում նշել են, որ հնդիկներին խաբեությամբ են տարել ռուսական բանակ։ Նրանց խոստացել են օգնել մասնավոր ռուսական բուհեր ընդունվելու հարցում։
Մարտի սկզբին Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոն (CBI) տեղեկացրել էր, որ միայն մեկ ամսում ռուսական բանակում խաբեությամբ հավաքագրվել է մոտ 35 հնդիկ քաղաքացի։ Նրանք կարող են հարյուրից ավելի լինել։ Երկուսը զոհվել են, մի քանիսը՝ ծանր վիրավորվել։
Մայիսին Հնդկաստանում բացահայտվել է վեց մարդուց բաղկացած ցանց, որը զբաղվել է տեղի բնակիչների հավաքագրմամբ՝ Ուկրաինա ուղարկվելու համար։
Հնդկաստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ հնդիկներին խաբելու յուրաքանչյուր դեպք «վճռականորեն քննարկվում է» Մոսկվայի հետ։
Հնդկաստանի վարչապետ Մոդին Ռուսաստան է ժամանել հուլիսի 8-ին երկօրյա այցով։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր երկրների միջեւ հատուկ եւ արտոնյալ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, հատկապես համագործակցության ֆուտուրիստական ոլորտներում»,- գրել է նա ռուսերեն Х ցանցում։