Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներից (Մասուդ Փեզեշքիան, Սայիդ Ջալիլի) Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով առավել ընկալելի է Ջալալին. այս մասին թելեգրամյան ալիքում գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները` պետք է նշել, որ երկրորդ փուլը շատ կանախատեսելի էր։ Այն կկայանա հուլիսի 5-ին, իսկ դրան կմասնակցեն բարեփոխական թևից Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին։
Հայաստանի շահերից գործընթացը դիտարկելիս պետք է նշել անշուշտ, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ։ Միևնույն ժամանակ, սակայն, Մասուդ Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները։
Ըստ այդմ, Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական և հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով», – գրել է իրանագետը:
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին: