Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, ԻԻՀ արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից միայն 80-ին է հաջողվել գրանցվել ՆԳՆ ընտրությունների ընթացքն ապահովող շտաբի ցուցակում:
Մայիսի 20-ի ողբերգական ավիավթարի հետեւանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանից հետո, գործող Սահմանադրության համաձայն, տեղի են ունենալու արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ համապետական միջոցառումը նախատեսված է անցկացնել հունիսի 28-ին:
Գրանցվելու համար նախատեսված հնգօրյա ժամկետում ԻԻՀ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 287 հոգի, սակայն, հաշվի առնելով թեկնածուների համար սահմանադրությամբ նախատեսված պայմանները, նրանցից ընդամենը 80 հոգու ցանկն է ներկայացվելու թեկնածուների որակավորումն իրականացնող Սահմանադրության Պահապանների խորհուրդի «դատին»:
Պահապանների խորհուրդը հավանական թեկնածուների շարքում ավելի շատ կենտրոնանալու է այն անձանց վրա, որոնք առանձնանում են երկրին մատուցած իրենց ծառայություններով ու զբաղեցրած դիրքերով:
Այսպիսով, ընտրություններին մասնակցելու հնարավորություն կարող են ունենալ հետեւյալ անձինք, ինչպես նաեւ մեր հրապարակման մեջ չներառված այլ հավակնորդներ, որոնց լիազորությունների մերժումն ավելի հավանական է.
Սաիդ Ջալիլի
Ներկայումս Սաիդ Ջալիլին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդում ԻԻՀ Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչն է եւ «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող» խորհրդի իսկական անդամը: Նա նախագահական ընտրություններին երկու անգամ ներկայացրել է իր թեկնածությունն ու երկու անգամ էլ հաստատվել նրա լիազորությունը, սակայն ընտրվելու համար բավարար քանակությամբ քվե չի ստացել:
Վերջին նախագահական ընտրություններում Ջալիլին երկրորդ փուլում հօգուտ Էբրահիմ Ռայիսիի ինքնաբացարկ է ներկայացրել:
Մոսթաֆա Փուրմոհամմադի
Հոջջաթ օլ-Իսլամ Մոսթաֆա Փուրմոհամմադին Իրանի դատաիրավական համակարգի վաստակաշատ ներկայացուցիչներից է: Նա Ահմադինեժադի առաջին կառավարությունում ներքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ Ռոհանիի առաջին կառավարությունում՝ արդարադատության նախարարի: Փուրմոհամմադին նաեւ դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից է, եւ այաթոլլահ Մահմուդ Հաշեմի Շահրուդիի՝ դատական իշխանության նախագահի պաշտոնն զբաղեցրած տարիներին ղեկավարել է երկրի գլխավոր տեսչական կազմակերպությունը: Նա զբաղեցրել է նաեւ տեղեկատվության նախարարության արտաքին հետախուզության պետի եւ նույն գերատեսչության փոխնախարարի պաշտոնները:
Մոհամմադ Մեհդի Էսմայելի
Էսմայիլին նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած կառավարությունում զբաղեցնում էր մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարարի պաշտոնը: Միջազգային իրավունքի եւ իրավագիտության մասնագետ է: Էբրահիմ Ռաիսիի նախընտրական շտաբի ամենաակտիվ անդամներից էր: Նախարարի պաշտոնից բացի, նա դասավանդում է նաեւ Թեհրանի համալսարանի իրավագիտության եւ քաղաքագիտության ֆակուլտետում: Նախագահ Ահմադինեժադի երկրորդ կառավարությունում եղել է Սպահանի նահանգապետը:
Մոհամմադ Մեհդի Էսմայելին վերջին մի քանի ամիսների ընթացքում աչքի է ընկել իսլամական հեղափոխությունից հետո երկիրը լքած իրանցի արվեստագետների հայրենադարձությունը խրախուսելու վերաբերյալ հայտարարություններով:
Էլիաս Նադերան
Նադերանը Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի՝ ԻՀՊԿ նախկին հրամանատարներից է: Ներկայումս մեջլիսի պատգամավոր է: Թեեւ նա «արմատական ֆունդամենտալիստների» քաղաքական հոսանքին է պատկանում, սակայն Ահմադինեժադի նախագահության օրոք հաճախ է հանդես եկել ընդդիմադիր դիրքերից: Նա Մեջլիսում կասկածի տակ է դրել Ահմադինեժադի նախագահության երկրորդ շրջանում առաջին փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած Մոհամմադ Ռեզա Ռահիմիի կրթական որակավորումը:
Տիկ. Զոհրե Էլահիան
Զոհրե Էլահիանը նախագահական ընտրություններին գրանցված սակավաթիվ կանանցից է: Եթե Պահապան խորհուրդը «քաղաքական այր» եզրույթը շարունակի մեկնաբանել որպես արական սեռին պատկանող «քաղաքական գործիչ, ինչպես իբրեւ պարտադիր պայման նշված է Սահմանադրության մեջ, ապա տիկին Էլահիանը մյուս կանանց նման կզրկվի այդ համապետական միջոցառմանը մասնակցելու հնարավորությունից: Տիկ. Էլահիանը ներկայումս, որպես բաժանմունքի վարիչ, աշխատում է Բժշկական գիտությունների ակադեմիայում: Թեհրանի ընտրատարածքից երկու անգամ ընտրվել է որպես Մեջլիսի պատգամավոր:
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը 14-րդ նախագահական ընտրություններում գրանցված ամենահայտնի դեմքերից է: Ռոհանիի նախագահության տարիներին նա չորս տարի եղել է Մեջլիսի խոսնակ: Որպես խորհրդարանի խոսնակ իր աշխատանքային գործունեության առաջին տարում հակադրվել է գործող նախագահ Ռոհանիի կառավարության քաղաքականությանը, եւ միայն հաջորդ երեք տարիներին է համագործակցել գործադիր իշխանության հետ: Ընդամենը մի քանի օր առաջ է Ղալիբաֆը վերընտրվել որպես Մեջլիսի խոսնակ, սակայն, ըստ ամենայնի, նա գերադասում է նախագահի պաշտոնում շարունակել իր ծառայությունները:
Թեհրանի նախկին քաղաքապետ Ղալիբաֆը նախագահական ընտրությունների թեկնածու է եղել նաեւ 2005, 2013 եւ 2017 թվականներին, սակայն առաջին երկու անգամ բավարար ձայներ չի հավաքել, իսկ երրորդ անգամ հօգուտ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ինքնաբացարկ է ներկայացրել:
Ալի Նիքզադ
Ժամանակին Ահմադինեժադի մերձավորներից է եղել: Սակայն ներկայումս նրանց քաղաքական հայացքները չեն համընկնում: Մեջլիսի երկրորդ փոխխոսնակն է: Նա նաեւ Ահմադինեժադի նախագահության առաջին շրջանում Արդեբիլի նահանգապետի պաշտոնն է զբաղեցրել: Ղեկավարել է նաեւ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Եղել է տրանսպորտի ու ճանապարհների նախարարի պաշտոնակատարը:
Մահմուդ Ահմադինեժադ
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Մահմուդ Ահմադինեժադը եղել է Իրանի ամենասկանդալային քաղաքական գործիչներից մեկը: Թեեւ նախագահական ընտրությունների այս շրջանում նրա թեկնածությունը լիովին կանխատեսելի էր, բայց Պահապանների խորհրդի կողմից նրա որակազրկումը նույնպես բացառել չի կարելի: 9-րդ եւ 10-րդ կառավարությունների ղեկավարը, որը համարվում է իրանական քաղաքականության «Գարուն» շարժման հիմնադիրը, ժամանակին ունեցել է «արմատականների» լիարժեք աջակցությունը: Սակայն վերջին տասը տարում նա զրկվել է այդ աջակցությունից:
Վերջերս տարածված մի տեսանյութում պատկերված են Ահմադինեժադի համախոհները, որոնք վերջինիս խնդրում են մասնակցել նախագահական ընտրություններին, ինչին դրականորեն է արձագանքում նախկին նախագահը:
Ալի Լարիջանի
Ժամանակին Ալի Լարիջանին «արմատականների» քաղաքական հոսանքի ամենակարկառուն դեմքերից էր, սակայն աստիճանաբար նա սկսեց համագործակցել Հասան Ռոհանիի հետ՝ գործնականում դառնալով Ռոհանիի ներկայացրած «չափավորականների» շարժման ազդեցիկ դեմքերից մեկը: Այժմ, երբ Ռոհանին «Բանիմացների խորհրդի» ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկվելու պատճառով ցուցադրաբար հրաժարվել է մասնակցության հայտ ներկայացնել նախագահական ընտրություններին, շատերը Լարիջանիին պատկերացնում են երկրի նախագահի պաշտոնում Ռոհանիի քաղաքական գիծը շարունակողի դերում:
Սահմանադրության Պահապանների խորհրդի «դատին» են սպասում կրոնապետական կարգերով կառավարվող Իրանի պատմության ընթացքում հանգուցային պաշտոններ զբաղեցրած նաեւ այլ անձինք: Այդ թվին են պատկանում նախկին նախագահ Ռոհանիի առաջին տեղակալ, «բարեփոխական» գործչի համբավ ունեցող Էսհաղ Ջահանգիրին, նույն հոսանքի ներկայացուցիչ, նախկին նախագահ Խաթամիի կառավարությունում առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցրած Մասուդ Փեզեշքիանը, նախագահ Ռոհանիի կառավարությունում տրանսպորտի ու քաղաքաշինության նախարարությունը ղեկավարած Աբբաս Ախունդին եւ այլք:
Հավելենք նաեւ, որ Պահապանների խորհրդի կողմից այս համապետական միջոցառմանը մասնակցելու հայտ ներկայացրած գործիչներից ամենատարեցը 1949 թվականին ծնված Ալի Սուֆին է, իսկ ամենաերիտասարդ հավակնորդները՝ 1980 թ. ծնված պարոն Մեհրդադ Բազրփաշն ու նախկին պատգամավոր տիկ. Համիդե Զարաբադին են: Գրանցման ժամանակ, վերջինս ներկայացել է ավելի ազատ կանացի հանդերձանքով:
Կանանցից չորս հոգի են կարողացել գրանցվել Իրանի ներքին գործերի նախարարության ընտրությունների ընթացքն ապահովող շտաբի ցուցակում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ