Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

«Սև ու սպիտակ»-ը զոհված զինվորների մայրերին սփոփելու համար է եղել. Փաշինյան

Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության ու կառավարող մեծամասնության հետ.  ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանին հարց են ուղղել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի օրն իր կնոջ մասնակցությամբ խնջույքի մասին։

«Նախ խրախճանք չի կազմակերպվել, ինչքան ես տեղյակ եմ՝ այդ միջոցառման  առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում ու ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը, այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ՝  մոտ 5-6 ամիս առաջ։ Ինչքան գիտեմ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, որ սևը չլինի գերիշխող»։