Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Դրանցից 56-ը Երևանի կենտրոնում է»,- ասաց Աննա Վարդապետյանը։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 միլիոն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 միլիարդ դրամ, որն, ըստ դատախազի, իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար։