Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում հանդես եկող Վանես Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին Մակաոյում կայանալիք մենամարտում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը կվիճարկի ամերիկացի Դեմետրիուս Անդրադեի հետ: Թեեւ մրցակիցները դեռեւս պայմանագիր չեն կնքել, սակայն կասկած չկա, որ մենամարտը կկայանա:
WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թափուր է մնացել, քանի որ չեմպիոնական գոտու տեր, ռուսաստանցի Զաուրբեկ Բայսանգուրովը վնասվածքի պատճառով չէր կարողացել հուլիսի 6-ին ռինգ դուրս գալ Անդրադեի հետ մենամարտելու: WBO-ի ղեկավարության որոշմամբ Մարտիրոսյանը-Անդրադե մենամարտի հաղթողը հետագայում պետք է չեմպիոնի տիտղոսը պաշտպանի Բայսանգուրովի հետ մրցամարտում:
Ինչպես հայտնի է, Վանես Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա անցկացրած 32 մենամարտերից 31-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Անդրադեն եւս պարտություն չունի, նա շահել է բոլոր 19 մենամարտերը: