Այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում կայանալիք Էնթոնի Բլինքեն- Ուրսուլա ֆոն դեր Լայեն- Նիկոլ Փաշինյան հանդիպման մանրամասներին գերմանալեզու ԶԼՄ-ները նախորդ օրերին չանդրադարձան՝ զգուշավոր էին եւ զուսպ։ Միայն մի «հուշում» ուրվագծվեց. մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը վճռել է ԵՄ դիտորդական առաքելության կազմն ընդլայնելու նպատակով նոր ուժերով՝ 25 ոստիկանով համալրել այն։ Գերմանիան, հասկանալի է, իր «չեզոք» դերն այսպես է իրացնում, իսկ լռելու երդումը չի մոռանում նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիեւը փորձում է նացիոնալ-սոցիալիստների անփառունակ վարքը յուրացնելով ապացուցել, որ նրանց վախճանն իրեն չի սպառնում։ Իսկ առաջիկա նոյեմբերին COP29-ը հյուրընկալելով աշխարհի կենտրոնն է դառնում, եւ մեր մոլորակի կլիման Ալիեւի հրամաններն է կատարելու։
Բաքուն ապրիլի 3-ին «Ազերթաջի» միջոցով շատ կարեւոր բացահայտումներ տարածեց. Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած Ալիեւի հետ հեռախոսազրույցից մանրամասներ հաղորդելով՝ ընդգծված հանրայնացրեց իր նպատակը՝ Հայաստանին սատարումը նշանակում է խաղաղությանը դեմ լինել, սադրանք հրահրել, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճ պարտադրել, նշանակում է լինել… հակաադրբեջանական։ Բերձորում բնական մուշտակի մեջ փաթաթված «էկոակտիվիստ» տիկնոջ ձեռքում անշնչացավ աղավնին. Չդիմացավ՝ բորենու ձեռքում խաղաղության իր խորհրդանիշի շահարկումը տեսնելով։ Նույն «Ազերթաջում» իր ֆաշիստական հայացքները, խոսույթը հրապարակայնորեն տարածող Ալիեւը, որ պետական նպատակ է դարձրել ռազմական ագրեսիայի միջոցով հայ բնակչության «վերջնական մաքրումն իր բնօրրանից» (Նովրուզի կրակը Ստեփանակերտում վառելով խոստովանեց Իլհամ Ալիեւը, տե՛ս «Ազգի» մարտի 21-ի համարը-Ան. Հ.) հակաադրբեջանական կարող է որակել նաեւ անձրեւի յուրաքանչյուր կաթիլ, որ ջրում է հայոց հողը…
Դառնանք հեռախոսազրույցին, որ, ինչպես շեշտվում է, ԱՄՆ պետքարտուղարն է ձեռնարկել՝ փարատելու համար Ադրբեջանի նախագահի «բնական մտահոգությունները»։
«Ազերթաջ» գործակալության գերմաներեն լրատվահոսքում Բլինքեն- Ալիեւ հեռախոսազրույցի ուշագրավ մանրամասների համաձայն, Ալիևը Բլինքենին ասել է. «Ըստ իր տեղեկությունների՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը, համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանին սահմանակից հատվածներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի սպառազինման հարցը ԵՄ-ի խաղաղության եվրոպական մեխանիզմի համաձայն՝ ԱՄՆ բյուջեի հաշվին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, գրում է «Ազերթաջը», որ հակաադրբեջանական նման քայլերը, այդ թվում՝ Ֆրանսիայի Հայաստանին զինելը, կընդլայնի սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում եւ կհանգեցնի սադրանքների»։
Ըստ նույն աղբյուրի, ԱՄՆ պետքարտուղարն իհարկե վստահեցրել է, որ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Ալիևն էլ գնահատել է, թե Բեռլինում խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ արտգործնախարարների բանակցությունները օգտակար են եղել գործընթացի հետագա զարգացման համար, ասել է, որ բանակցությունները պետք է արագացվեն։ Ալիեւը նկատել է տվել, որ «Արևմուտքում հնչած այն պնդումները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, բացարձակապես անհիմն են։ Ադրբեջանի նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ապրիլի 2-ին Փարիզում Էնթոնի Բլինքենի հետ ասուլիսում ստել է՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր ստեղծելու մեջ»։ «Ազերթաջի» սույն հրապարակումն իհարկե չի թաքցնում, որ Բաքվում բրյուսելյան եռակողմ հանդիպումը չեղարկելու նպատակ են հետապնդել, սակայն ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Սակայն Բաքվի հետեւողականությունն իհարկե դրանից իր թափը չի կորցնում՝ ցանցը նետել են, որոգայթը լարել, կարթը կախել, խայծն ով էլ կուլ տա, իր օգտին է։
Ադրբեջանի քարոզիչները X-ի հարթակում երկու օր է չեն թաքցնում իրենց ուրախությունը, որ վերջապես Իտալիայից աջակցություն են ստացել։ Իտալալեզու giornalediplomatico առցանց լրատուն ապրիլի 3-ին հաղորդում է, որ փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելլին (Edmondo Cirielli) կոչ է ուղղել Ֆրանսիային, որ վերջինս «չձախողի խաղաղության ջանքերը»։ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինադադարն այժմ ամուր է երկու ժողովուրդների պատասխանատվության շնորհիվ, սակայն պարզ է, որ ներգրավված կողմերից բացի այլ կառույցների ներկայացուցիչների ցանկացած անհեթեթ հայտարարություն սպառնում է լարվածության սրմանը», ըստ վերոնշյալ կայքի նման հայտարարություն է արել Իտալիայի միջազգային համագործակցության, արտաքին գործերի փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին։ Նա հիշատակում է, որ նոյեմբերին Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանը պատասխանատու վերաբերմունք ունի, իսկ Բլինքենի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած հայտարարություններն անշուշտ չեն նպաստում խաղաղության։
Ֆրանսիայի արտգործնախարարին ուղղելով խոսքը, Իտալիայի փոխարտգործնախարարը դիտողություն է անում, թե «տեղին և օգտակար կլինի չվնասել շատերի ջանքերին, որ ողջամտությամբ առաջ են մղում (երկու երկրներին) դեպի վերջնական խաղաղություն», եզրափակում է Չիրիելլին։
Ովքե՞ր են այդ «շատերր», որ ջանում են վերջնական խաղաղաություն հաստատել մեր տարածաշրջանում, Իտալիայի փոխարտգործնախարարն իհարկե չի մանրամասնում։ Անշուշտ չի ակնարկում նաեւ նրա մասին, թե որքան զենք է իր երկիրը վաճառում Ադրբեջանին, որ վերջինս հենց այդ գործիքով խաղաղություն հաստատի սեղմվող տարածքներով, վերապրումին վարժված, ոգին դեռ սատանային, մամոնային չհանձնած հայ ժողովրդի հանդեպ։
Ադրբեջանի՝ իրերն ու երեւույթները, մանավանդ՝ զոհի եւ դահճի դերերը շրջելու, ռազմատենչ նպատակների համար պատրվակ որոնելու գիծը բնավ հեռադիտակի կարիք չունի։ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո մեր երկիր ժամանած, տեղում փաստական նյութ հավաքած շվեյցարացի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալթերմաթթն X-ի իր էջում շատ լավ մեկնաբանում է՝ «Երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կուտակվում է հայկական սահմանին, հազիվ թե մտահոգիչ է, իսկ երբ Ադրբեջանն է պնդում, թե Հայաստանը դա՛ է անում, խիստ մտահոգիչ է դառնում փաստը։ Ուզում են իրենց հարձակման համար casus belli ստեղծել»։
Ամեն օր սուտ ու կեղծիք թխող Բաքվի տեղեկատվական փուռը թթխմորի ավելցուկ ունի. Հասունանում է, թափվում…այս անգամ Իտալիայի փոխարտգործնախարարն է իր պաստան դրանով շաղախում։ Մոռանում է, թե նախկինում ո՛րն էր Ֆրանսիայի հետ իրենց վեճի հիմնական առիթը՝ ո՞ր երկիրն է դանակ-պատառաքաղն առաջինը գործածել։ Իտալիան, ավելի ճիշտ` այդ երկրի փոխարտգործնախարարը, դանակն ու պատառաքաղը տվել է Ադրբեջանի ձեռքը, ինքն էլ պատառ է դարձել։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելլի