Քաղաքագետ Արթուր Ղազարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Տավուշի մարզ կատարած այցը և մի շարք գյուղերի բնակիչների հետ հանդիպումն ամենևին էլ պատահական չէին։
«Նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգությունից առաջ քաղաքական գնահատականներ հնչեցրեց։ Այդ իրադարձությանն այսօր հաջորդեց Նիկոլ Փաշինյանի այցը Ոսկեպար՝ հանդիպում այն համայնքերի բնակիչների հետ, որոնք սահմագծման-սահմանազատման արդյունքում հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ», -Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանի խոսքով՝ Տավուշ կատարած այցով Փաշինյանը կարծես թե տրամադրություններ է շոշափում, հավանաբար ուղիղ խոսքով հասկացնում, որ կառավարությունը տավուշցիներին ավելի լավ և անվտանգ պայմաններով այլ տարածքներում կվերաբնակեցնի. ուստի պետությունը ստիպված է գնալ նման քայլի՝ խուսափելու հավանական պատերազմից, Ադրբեջանի հետ կնքելու խաղաղության պայմանագիրը և այլն։
«Նիկոլ Փաշինյանը հավանաբար նման փաստարկներով է հանդես եկել՝ կրկին վախեցնելով պատերազմով։ Կարծոււմ եմ՝ եղելությունը սա է։
Միաժամանակ կարծում եմ, որ պետք է մեկ-երկու օր սպասել՝ հասկանալու, թե ինչ է խոսվել այսօրվա հանդիպման ժամանակ, որից հետո էլ վտանգված համայնքների բնակիչները պետք է իրենց կազմակերպված բողոքի ձայնը բարձրացնեն։ Մարդիկ այսօր չեն իմացել՝ հատկապես ինչ է խոսելու իրենց հետ գործադիրի ղեկավարը։ Դրա համար էլ լսածը դեռ պետք է «մարսեն», վերլուծություններ անեն և իրենց կարծիքը հայտնեն։ Այդ դեպքում, կարծում եմ, պրոցեսներն այլ կերպ կզարգանան։
Բայց եթե մարդիկ պետք է իրենց լուռ համաձայնությունը տան, սա արդեն այլ տեղ է տանում, որի դեպքում կիրականանա Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տարհանումը և դրանց բռնակցումն Ադրբեջանին»,- նշեց Արթուր Ղազարյանը։
Քաղաքագետը միաժամանակ չբացառեց, որ այսօր կայացած հանդիպմանը ներկա տավուշցիներն այդպես էլ հանրային հարթակում կարծիք չհայտնեն։
«Հայ ազգի՝ այս թմրած վիճակում հնարավոր է, որ որևէ կարծիք էլ մարդիկ չհայտնեն։ Վտանգը հենց այստեղ է, ինչն էլ Ադրբեջանին դրդում է առավել մաքսիմալիստական պահանջներ ներկայացնել Հայաստանին»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Հիշեցնենք նաև, որ Բագրատ Սրբազանը երեկ հավատավորների հետ հանդիպմանը հարցադրում էր արել՝ արդյոք խոնարհ հարսի նման գլուխներս կախ պիտի թույլ տանք, որ մեր հայրենիքը հանձնվի, թե պետք է ընդդիմանանք, կտրենք այդ ձեռքը։










