Եվրապառլամենտի վերջին բանաձևում ԵՄ-ին կոչ էր արվում դադարեցնել Ադրբեջանի հետ գազային պայմանագրերը. դադարեցրվեցի՞ն, իհարկե ոչ։ Այսինքն՝ այս բանաձևերը կիրառական հետագա գործառույթ չեն ունենալու, ընդամենը A4 ֆորմատի վրա գրված թղթեր են, ինչպես օրինակ՝ Հաագայի դատարանի բանաձևը՝ բացելու Լաչինի միջանցքը։ Իհարկե, միջանցքը բացվեց, բայց՝ Արցախը հայաթափելու համար, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օրեր անց՝ մարտի 19-ին, Եվրոպական պառլամենտում նախատեսված է ԵԺԿ պատգամավոր Անդրեյ Կովաչևի նախաձեռնությամբ շատ կարևոր քննարկում։
«Այն վերաբերելու է ադրբեջանական բանտում պահվող մեր ռազմագերիներին և Արցախի քաղաքական էլիտային։ Ես հույս ունեմ, ավելին՝ արդեն մոտավորապես կանխատեսում եմ, թե քննարկումներն ինչ հունով են գնալու։
Դիմում եմ եվրոպացի մեր գործընկերներին. մեզ էմոցիոնալ ֆասթֆուդ պետք չէ, մեզ էմոցիոնալ ճառեր և հայտարարություններ պետք չեն։ Բաքվի բանտում մեռնում է Արցախի քաղաքական էլիտան, մեռնում են այն ռազմագերիները, որոնք 44-օրյա պատերազմից հետո փակված են բերդում։
Ամեն ինչ արեք՝ այդ մարդկանց ազատելու համար, ոչ թե ձեր լռությամբ խնդիրը հասցրեք այնտեղ, որ բարոյական, ֆիզիկական անմարդկային ճնշումների տակ Արցախի քաղաքական էլիտայից կորզեն նվաստացուցիչ հարցազրույցներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ արդեն մայիսին կայանալիք դատավարություններից հետո վերջիններիս հետագա ճակատագրերի առնչությամբ շատ վատ կանխատեսումներ ունի։