Ինչո՞ւ Փաշինյանի ու Մարուքյանի ջրերը մի առվով չեն հոսել

Հիմնական երկու պատճառ կա
Նիկոլ Փաշինյանի հետ մերթընդմերթ համագործակցող Էդմոն Մարուքյանը վերջերս հայտարարեց իշխանության հետ կապերը խզելու եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելու մասին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը պաշտոնից «նահանջելու» մասին հայտարարել էր «նահանջ տարվա» ամսաթվին՝ փետրվարի 29-ին, նշելով, որ պաշտոնից ազատվել է մի քանի պատճառով, որոնցից մեկը եղել է նոր Սահմանադրության ու ՀՀ հռչակագրի շուրջ անհամաձայնությունը:
Ըստ Փաշինյանի, երբեմնի թիմակցի հետ համագործակցության դադարեցման պատճառը Մարուքյանի ոչ բավարար գործունեությունն է եղել: «Երկար ժամանակ դժգոհ եմ եղել նրա աշխատանքից»,- ասել է Փաշինյանն ու միեւնույն ժամանակ հավելել՝ հատուկ հանձնարարություններով դեսպանին ուղիղ հանձնարարություններ չի տվել, նրա հետ աշխատել է միջնորդավորված:
Իրականում ի՞նչ սեւ կատու է անցել պարբերաբար իրար հետ համագործակցող ու «խռովող» գործիչների միջով: «Ազգ»-ի տեղեկություններով՝ Մարուքյանի հրաժարականը երկու աստառ ունի:
Առաջինը ներկուսակցական հարցերն են: Բանն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոչ բոլոր անդամներն են կողմ եղել նրա՝ այդ պաշտոնում առաջադրվելուն ու ներկուսակցական քվեարկությանը «կողմ» են քվեարկել ընդգծված վերապահումներով:
«Վերապահումներից մեկն, օրինակ, եղել է այն, որ Փաշինյանի հետ անհնար է երկխոսել, նա որեւէ մեկի խորհուրդը չի լսելու, հետեւաբար՝ հանուն ինչի՞ հարցականի տակ դնել ընդդիմադիր ուժի ստատուսը: Բայց Փաշինյանի կաբինետից ԼՀԿ-ին հասնող անդադար մեսիջները «ըմբոստ» լուսավորականներին ստիպել են տեղի տալ, եւ բոլորով կուսառաջնորդին գործուղել են գործադիր»,- ներկայացրեց «Ազգ»-ի զրուցակիցը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մարուքյանը կառավարությունում «դիսկոմֆորտ» սկսել է զգալ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց: Տարբեր առիթներով խոսել, խորհուրդներ է տվել Փաշինյանին, բայց՝ ապարդյուն: Գուցե դրանով է բացատրվում հանգամանքը, որ նրա պաշտոնավարման 2 տարիները ոչնչով աչքի չեն ընկել՝ բացառությամբ մեկ-երկու սոցցանցային գրառումների կամ մեկումեջ հարցազրույցների: Կարճ ասած՝ արտաքին ճակատում «կռիվ տալը» չի տեսել ոչ ոք, ընդհուպ նրա թիմը. «Եվ հենց դա էլ պատճառ է եղել, որ ԼՀԿ-ականներից ոմանք բավական սուր հարցադրում անեն՝ կա՛մ թողնել հատուկ դեսպանի անպտուղ պաշտոնը, կա՛մ կուսակցության ներքին խմորումներն անխուսափելի են դառնալու»:
Փաշինյան-Մարուքյան հերթական բաժանման երկրորդ պատճառը, ենթադրաբար, պետք է որ խիստ անհամաձայնությունն ու միմյանց հակադրումը լինի: Իսկ նման բան 2 տարում եղել է մեկ անգամ. 2023-ի տարեվերջին Մարուքյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոսել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հավանական հանդիպման մասին: ԱԳՆ մամուլի քարտուղարը հատուկ հանձնարարությունների դեսպանի հայտարարությունը հերքել էր հաջորդ իսկ օրը: «Նման պայմանավորվածություն չկա»,- ընդգծել էր Անի Բադալյանը: Կարող ենք ենթադրել, որ հենց այս՝ միմյանց հետ չհամաձայնեցնելու միջադեպը կարող էր լինել Փաշինյանի դժգոհության պատճառը:
Ե՞րբ եւ ի՞նչ ֆորմատով կհամագործակցեն 2016-ից ի վեր առնվազն 3 անգամ միացած ու բաժանված Փաշինյանն ու Մարուքյանը, ժամանակը ցույց տա:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
