Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ դիմած Փաշինյանը պատրաստ է հրաժարվել «Ընդդեմ Ադրբեջանի» հայցերից

Բաքվի  ճնշմամբ՝ Երեւանն Ադրբեջանին սիրաշահելու հերթական  քայլին կարող է դիմել: Խոսքը միազգային հարթակներից ընդդեմ հարեւան երկրի ներկայացված հայցերը հետ կանչելու մասին է: Այդ մասին օրերես տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ ակնարկելով, որ եթե Հայաստանն  ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն, երկուստեք պետք է հրաժարվեն միմյանց նկատմամբ դատական հայցերից:

Փաշինյանի հայտարարությունը  ոչ միայն խնդրահարույց, այլեւ վտանգավոր են համարում իրավապաշտպաններն ու մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները: «Ինչ լսել եմ, փորձում եմ հասկանալ, վերլուծել, եզրակացնել՝ ինչպե՞ս է իշխանության գլխում նման միտք ծագել»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը:

Իրավապաշտպանը վստահ է՝ եթե Հայաստանը որոշի հետ կանչել ընդդեմ Ադրբեջանի հայցերը, դա ազդակ կլինի թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ադրբեջանի, թե՛ աշխարհի համար: «Հայաստանի քաղաքացիներին ուղիղ կասվի՝ մեք ձեր հարցերով չենք զբաղվում, ձեր խախտված իրավունքները մեզ չեն հուզում: Բացի այդ, ընդդեմ Ադրբեջանի գործերով անցնող Հայաստանի քաղաքացիներն ու նրանց իրավահաջորդները շատ դեպքերում այլեւս չեն կարողանա ինքնուրույն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս քաղաքականությունը կհանգեցնի անպատժելիության՝ մարդկության դեմ հանցագործությունների առումով: Հայաստանն Ադրբեջանին կասի՝ ազատ եք: Այսինքն՝ կստեղծի հիմք Ադրբեջանի կողմից նոր հանցագործությունների համար: Ինչ վերաբերում է աշխարհին, ապա դա կարող է անդրադառնալ Հայաստանի՝ դատական համակարգի հեղինակության ու վարկի վրա»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց իրավապաշտպանը:

Մելքոնյանն առավել քան վստահ է՝ երեխաներին մանկապարտեզից հայատյացություն դաստիարակող վայ-հարեւանին Հայաստանի որդեգրած «բարի կամքը» չի սիրաշահելու: Ավելին՝ Բաքուն մտածելու է՝ քանի դատող կամ պատասխանատվության կանչող չկա, իրագործի այն, ինչ ցանկանում է՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով:

Փաշինյանի՝ ՄԻԵԴ ու Արդարադատության միջազգային դատարաններից դատական հայցերը հետ կանչելու որոշումները մեզ հետաքրքրական մի դրվագ հիշեցրեց. 2022-ի հունվարի 18-ին ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» հայցադիմումն ու ամրագրել՝ 2009-ի քաղաքական իրադարձութուններից հետո խախտվել է այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ «ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը»:

Ստացվում է՝ ՀՀ վարչապետը դեմ չէ ՄԻԵԴ-ին դիմել ընդդեմ Հայաստանի գործերով, բայց Ադրբեջանին պատասխանատվության կանչելու ժամանակ որոշում է առաջնորդվել «բարի կամք» դրսեւորելով:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ