Azg.am-ի զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
-Պարո՛ն Դեմոյան, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս հայտարարեց, որ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի վիճահարույց դասագիրքը կմնա շրջանառության մեջ։ Ինչպե՞ս եք վերաբերում այս փաստին։
-Մենք հասել ենք մի փուլի, երբ այս թեմայի շարունակությունը և քննարկումների ճապաղումը աբսուրդի է հասնում։ Սա արդեն ի օգուտ է ԿԳՄՍՆ-ին, որովհետև նախարարությունն իր դիրքորոշումը հստակեցրել է՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով։ Այսինքն՝ ինչ էլ որ այդ դասագիրքը լինի՝ կատարյալ աղբ, թե խոտան, նախարարությունը դրանից հետ չի կանգնում։
Մենք միայն կարող ենք ենթադրել, թե դրա տակ ինչեր կան, բայց այն, որ դա կոչվում է կոռուպցիա, ակնհայտ է։ Այսինքն՝ հաշվի չեն նստում այլոց կարծիքների հետ, իսկ նրանց դիմաց կարծիք գրող, եզրակացություն տվող բավական լուրջ խումբ է կանգնած։ Եթե այդ մարդկանց կարծիքը համարվում է առ ոչինչ, այդպիսի նախարարի և նախարարության հետ բանավեճն այլևս անիմաստ է։ Տրամաբանությունից, բարոյականությունից և գիտությունից որևէ բան բացատրելն ուղղակի անիմաստ է։
-Պարո՛ն Դեմոյան, ստացվում է, որ ԿԳՄՍՆ-ն հաշվի չի նստում 19 հեղինակավոր գիտնականի կարծիքների հետ։
– 19 գիտնական փորձում են ԿԳՄՍ նախարարին հասկացնել, որ գիտության հետ չի կարելի նման բաներ անել։ Իսկ մյուս կողմից տեսնում ենք, որ հստակ ասում է՝ դա քաղաքական որոշում է. դասագիրքը հետ չի կանչվում, որովհետև կա քաղաքական պատվեր։ Ես մեջբերում եմ Ժաննա Անդրեասյանի խոսքերը։ Այսինքն՝ կա հստակ քաղաքական պատվեր։ Եթե անգամ այդ դասագիրքն էլ ավելի վատը լիներ, միևնունն է՝ իրենք այն պահելու էին։
Սա դասական կոռուպցիայի դրսևորում է։ Ընդ որում՝ կոռուպցիա ասելով՝ չպետք է հասկանալ միայն դրամ տալը կամ «ատկատը»։ Եթե սա դիտարկենք մտքի և բարոյականության ոլորտում, կոռուպցիա է։ Եթե 19 հոգի կարծիք է գրում, նորմալ, օրինական երկրում հեռացնում են նախարարին։ Բայց Ժաննա Անդրեասյանը շարունակում է պնդել իր տեսակետը։
Երկրորդ, կփորձեին հետաքննել ֆինանսական վերաբաշխումները, , թե ինչպես է տեղի ունեցել, որ նախարարն ու նախարարությունը, «երկու ոտքը մի մաշիկ դրած», փորձում են ասել, որ մի անանուն, անոնիմ փորձագետի են բերելու, որի վերջնական խոսքը շատ կարևոր է լինելու, և նրա կարծիքի հիման վրա հարցը համարելու են փակված։
– 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի՝ գործածության մեջ մնալու մասին Ժաննա Անդրեասյանը հայտարարեց ԱԺ ամբիոնից։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ դերակատարում կարող է և պետք է ունենան պատգամավորները՝ հանրակրթական հաստատություններից դուրս բերելու վերոնշյալ դասագիրքը։
-Ես կցանկանայի, որ նախարարին հարցեր ուղղող մեր ընդդիմադիր պատգամավորները միաժամանակ նաև իրենց իրավասությունների և լիազորությունների սահմանում նախարարից պահանջեն, որպեսզի մեկ անանուն փորձագետով հարց չլուծի։ Պետք է պահանջել հնչեցնել նրա անունը։ Կարող է՝ այդ մարդը ևս գիտությունների թեկնածու է, փիլիսոփա է, որի փորձագիտական կարծիքը սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը բավարար է համարել։ Ընդդիմադիր պատգամավորները պարտավոր են դա անել՝ մանավանդ, որ խոսքը մեկ անձի, ոչ թե խմբի մասին է։ Ինչպե՞ս կարելի է մեկ հոգու կարծիքը հակադրել 19 հոգու կարծիքի. դա դասական կոռուպցիա է։
-Պարո՛ն Դեմոյան, ես գիտեմ, որ Դուք և մի քանի այլ մասնագետներ մտադիր եք այլընտրանքային դասագիրք ստեղծել։ Ո՞ր փուլում է այդ նախագիծը, ի՞նչ ժամկետներում պատրաստ կլինի այլընտրանքային դասագիրքը։
-Խմբի հետ կապված՝ նախնական քննարկումներ կան։ Մենք գտել ենք, որ անիմաստ է այսպիսի կոռուպցիոն գործարքի շուրջ այլևս պայքարել։ Բայց մենք ոչ թե հանձնվում ենք, այլ ուրիշ դաշտի մեջ ենք իրենց պատժելու։ Մենք ստեղծելու ենք ալտերանտիվ դասագիրք, և սա ամենաազնիվ ձևն է՝ ցույց տալու, թե որն է աղբ, որը՝ նախընտրելի դասագիրք։ Ընդ որում՝ մենք այդ աշխատանքի համար աշխատավարձ չենք ակնկալելու։
Մոտ օրերս ուզում ենք քննարկել, հասկանալ, թե քանի հոգի է նախաձեռնությանը միանում։ Մենք տեսնում ենք, թե դա ինչպես կարելի է անել։ Մենք դա անելու ենք նախ էլեկտրոնային ֆորմատով. դա հեշտ է, ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ արգելափակել։ Իսկ եթե կլինեն սրտացավ մարդիկ, որոնք կառաջարկեն տպագրել դասագիրքը, կտպագրենք, որպեսզի այլընտրանքային դասգիրքը հասնի աշակերտներին և ուսուցիչներին։ Պայքարելու, ընդդիմանալու միակ ձևը սա է։
Գաղափարը կա, և եթե նույնիսկ երկու հոգի լինենք, իրագործելու ենք այն։ Ես չեմ ուզում, որ ԿԳՄՍՆ-ն կամ գրքի հեղինակը մի պահ մռտածեն, որ հաղթանակ են տոնել։ Իրենց անբարո կեցվածքին մենք կտանք այսպիսի ասիմետրիկ պատասխան, բայց նպատակը ոչ թե նրանց պատժելն է, այլ երեխաներին փրկելը, որպեսզի դպրոցներում ներդրված այդ դասագրքի հույսին չմնան։
Այս ամենից զատ՝ պետք է նշել, որ դասագրքային մաֆիան նոր չէ։ Իհարկե, նախկին դասագրքերը ևս լուրջ խնդիրներ են ունեցել, ես այդ թեմային անդրադարձել եմ։ Այնպես չէ, որ ես ընկել եմ միայն այս՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի հետևից։ Ես ինձ իրավունք եմ վերապահում, որովհետև դասագիրքն Արայիկ Հարությունյանը (նկատի ունի ԿԳՄՍ նախկին նախարարին՝ խմբ.) էլ ավելի այլանդակեց՝ «թավշյա հեղափոխության» գլուխ մտցնելով։
– Ըստ Ձեզ՝ ի վերջո, ո՞րն է ՀՀ գործող իշխանությունների և հատկապես Ժաննա Անդրեասյանի նպատակը՝ որևէ կերպ ընդառաջ չգնալու պատմաբաններին և շրջանառությունից դուրս բերելու վերոնշյալ դասագիրքը։
-Նրանց նպատակն անցյալի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Մենք պետական մակարդակով լուրջ խնդիր ունենք։ Չմոռանանք նաև, որ հանրահայտ ընտանիքի ներկայացուցիչը՝ Լուսինե Խառատյանը, Երևանի պետական համալսարանում շարունակական կրթության ինստիտուտի տնօրեն նշանակվեց։ Մենք գործ ունենք ակնհայտ մի սխեմայի հետ, որի նպատակն է լիակատար վերահսկողություն հաստատել կրթական գործի՝ հատկապես պատմության վրա, որովհետև պատմությունն արժեհամակարգ ձևավորող առարկա է։
Ի վերջո, վերահսկողություն է հաստատվում նաև թանգարանների վրա ։ Եթե տեսնենք նշանակումները, հստակ մի ձեռագիր է։ Կարելի է ասել, որ այս ամբողջ մաֆիոզ գործելաոճը բացահայտված է։ Ի վերջո, ամեն ինչ հիշողության և ընկալումների մեջ է։