Միջազգային ուսանողական գիտաժողով

Վերջերս Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայկական հետքը Հայրենական մեծ պատերազմում» միջազգային ուսանողական գիտաժողովը՝ նվիրված խորհրդային լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակին:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ուսանողներ տարբեր բուհերից, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանից , Հայկական պետական մանկա-վարժական համալսարանից , Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղից, Գորիսի պետական համալսարանից, Ռուսաստանի տնտեսագիտական համալսա-րանի Սեւաստոպոլի մասնաճյուղից եւ այլն:
Միջոցառումը բացեց մասնաճյուղի տնօրեն Թ. Վարդանյանը: Նա ողջունեց ներկաներին՝ նշելով, որ խորհրդային եւ համաշխարհային հետախուզության լեգենդ Գեւորգ Վարդանյանը մեծ մարդ էր, հայ ժողովրդի ականավոր զավակ: Նա ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (արտաքին հետախուզություն) առաջին գլխավոր տնօրինության աշխատակից էր: Կնոջ՝ Գոհարի հետ 45 տարի տարբեր մայրցամաքներում հետախուզական գործունեություն է ծավալել եւ ոչ մի անհաջողություն չի ունեցել: 1943 թվականին նրանց շնորհիվ հաջողվեց կանխել մահափորձը «Մեծ եռյակի» դեմ Թեհրանի կոնֆերանսի ժամանակ:
Ուսանողական գիտաժողովը կարեւոր քայլ դարձավ հայ ժողովրդի պատմական ժառանգության ուսումնասիրության գործում: Հիշատակի պահպանումն ու ազատագրական հերոսներին հարգանքի տուրք մատուցելը մեր ընդհանուր հաղթանակի կարեւոր բաղադրիչն է: Ներկայում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պահպանության տակ են գտնվում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների գրեթե վեց հարյուր հուշարձան: Հայաստանի ժողովուրդը հիշում եւ հարգում է բոլոր հերոսներին: Հավերժ հիշատակ եւ փառք նրանց:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
