Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համոզված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանգիստ խղճով, նույնիսկ մեծ հրճվանք ապրելով է գնացել է Եռաբլուր, Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ մտքում եղածը ասել նրան և հանգիստ խղճով պաշտոնական այցով մեկնել Եգիպտոս։
«Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր սողոսկելու արդյունքում ոստիկանները քարշ էին տալիս մսաղացում հայտնված զինվորների ծնողներին, իսկ այսօր նա անմեղ դեմքով գնացել և կանգնել էր նույն Եռաբլուրում։ Ըստ հոգեբանների՝ մոլագարները սիրում են գնալ այն տեղերը, որտեղ հանցագործություններ են կատարել։
Նիկոլ Փաշինյանը մսխեց և ոչնչացրեց Վազգեն Սարգսյանի կյանքի նպատակը՝ Արցախը։ Բայց նա ժամանակին Վազգեն Սարգսյանին ծաղրելու և վարկաբեկելու համար վերջինիս կողմից շատ խիստ պատժվել է։ Այդ պատիժը տեսած մարդը երբեք չի կարող Վազգեն Սարգսյանին հարգել, սիրել կամ նրա հիշատակը վառ պահել։
Նիկոլ Փաշինյանի նման կերպարը կարող է ամեն ինչ կուլ տալ, բայց հետո թիկունքից հարձակվել իր հակառակորդի վրա»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։
Ըստ քաղաքագետի՝ առանձին ուշադրության է արժանի Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի՝ Եռաբլուրում դրսևորած այսօրվա վարքագիծը։
«Ինձ սարսափեցրեց նրա խայտառակ վարքագիծը։ Նա կեղծարարության ու մանիպուլյացիայի իր չափն ու սահմանը կորցնում է և փորձում է Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը ՀՀ գործող իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի մաս, նա պատասխանում է, որ չի կիսում այդ կարծիքը։ Թող ուրեմն նա նայի 2023 թվականի մայիսի 22-ի՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի դրվագը, որտեղ վերջինս ասում է, որ Ադրբեջանի 86.600 ք/կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, իսկ Արամ Սարգսյանը ասում է, որ նման բան չկա»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքական վերնախավը Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հանրապետության վարչապետը և նախագահը ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: