Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ադրբեջանը Պակիստանից 1,6 միլիարդ դոլարի զենք է գնում, բայց «մատի փաթաթան է սարքել» Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող ռադիոտեղորոշիչ համակարգերը

Այսօր Ֆրանսիան զենքի նոր խմբաքանակ կուղարկի Հայաստան. գրում է ադրբեջանական APA-ն` հղում անելով  ֆրանսիական «Le Figaro» հրատարակությանը։

Հրապարակման համաձայն՝ Հայաստան են մատակարարվելու ֆրանսիական ռադիոտեղորոշիչ համակարգեր, Ground Master (GM200) և գիշերային տեսողության սարքեր։

Ադրբեջանական կողմը սա դիտարկում է որպես խաղաղությա դեմ գործողություն, իսկ երբ ինքն է միլիարդավոր դոլարների զենք գնում, այդ թվում՝ կործանիչներ, «Բայրաքթարներ», իր քայլը գնահատում է «ինքնապաշտպանությանը միտված»։

Ագրեսոր-օկուպանտ-ցեղասպանին կարելի է զինվել, Հայաստանին՝ ո՞չ։

Ադրբեջանը շարունակում է զինվել ինտենսիվորեն։

Ահա ևս մի ապացույց.Պակիստանը 1,6 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար։ Այս մասին հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները։

Ինչպես գրում է Air Operations Syndicate-ը, Բաքվի և Իսլամաբադի միջև կնքվել է պայմանագիր, «որը կդառնա պատմության մեջ իր տեսակի մեջ ամենամեծ պայմանագիրը»։

Ինչպես նշվում է, պայմանագիրը ենթադրում է Ադրբեջանի կողմից JF-17C Block-III կործանիչների, ինչպես նաև ռեակտիվ ինքնաթիռների ուսուցման և մարտական ​​պարագաների գնում։ Համաձայնագրի արժեքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։