Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդիրների ունի. Լուսիանա Մինասյան

Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդիրների ունի․ հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրա ընտանիքն մեկ ամիս ավելի որևէ տեղեկություն չունի նրա մասին։ Այս մասին ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը՝ հրապարակային դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

«Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքին շտապ անհրաժեշտ է կապ հաստատել նրա հետ։ Մեկ ամիս առաջ ընդամենը մեկ անգամ զանգահարել է Բաքվից, որից հետո նրա հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է։

Վերջին հեռախոսազրույցի ընթացքում նա պատմել է առողջական լուրջ խնդիրների մասին. կորցրել է գիտակցությունը և հետազոտության համար տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ուշագնացության պատճառներն ու ճշգրիտ ախտորոշումն այդպես էլ չեն հայտնել»,- X սոցիալական ցանցում մանրամասնում է «SOAR» կազմակերպության ղեկավար, միջազգային փաստաբան Լուսիանա Մինասյանը։

«Նրա վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տագնապով ու անհանգստությամբ սպասում է գոնե մեկ լուրի։ Չկա՛ ոչ մի ախտորոշում, չկա՛ն պարզաբանումներ, իսկ այդ զանգից հետո տիրում է կատարյալ լռություն։ Լրացուցիչ մեկ հեռախոսազանգը չի ազատի և չի բուժի Մկրտչյանին, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալու՝ արդյոք իր ամուսինը ողջ է և գիտակցություն ունի՞»,- նշել է Մինասյանը։

Ավելի վաղ փաստաբանը հրապարակել էր բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են Մկրտչյանի առողջական ծանր վիճակը։ Նա դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ կոչ անելով անհապաղ ապահովել անկախ բժիշկների այցը և տրամադրել շտապ բժշկական օգնություն։