Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «Իզվեստիայի» թղթակցի հետ զրույցում կրկին անդրադարձել է Արաս Օզբիլիսի տրանսֆերինՙ նոր մանրամասներ ներկայացնելով. «Արասը շատ էր ցանկանում «Մոնակո» տեղափոխվել, համարյա թե արտասվում էր: Եվրոպայում ֆուտբոլի գաղտնիքներին տիրապետած եւ համապատասխան մենթալիտետ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստի հետագա զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծվել «Մոնակոյում» Ֆալկաոյի, Մոուտինյուի եւ Ռոդրիգեսի հետ խաղալով: «Մոնակոն» համապատասխան առաջարկ էր կատարել, սակայն «Կուբանը» մերժեց: Բնական է, որ Արասին «Մոնակոյում» նաեւ ֆինանսական լավ պայմաններ էին առաջարկում:
Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ ֆուտբոլային առումով Արասը շատ լուրջ սխալ թույլ տվեցՙ տեղափոխվելով «Սպարտակ»: Այդ պատմության մեջ ամենացավալին այն է, որ Արասն անձամբ ոչինչ չէր կարող վճռել: Նրա տրանսֆերով զբաղվողներն անձնական շահ էին հետապնդում, այլ ոչ թե մտածում էին ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ աճի մասին»:
«Իզվեստիայի» տվյալներով Արաս Օզբիլիսը «Կուբանում» տարեկան 750 հազար եվրո էր ստանում, իսկ «Սպարտակում» այն կկազմի տարեկան 1,5 մլն եվրո առանց պարգեւատրումները հաշվի առնելու: Նրա տրանսֆերը «Սպարտակին» մոտ 8 մլն եվրո է արժեցել:
Արաս Օզբիլիսը ծնվել է Թուրքիայում, այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել են Հոլանդիա: Նա 8 տարեկանում ընդգրկվել է Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլի դպրոցում: 2009-ին «Այաքսը» Օզբիլիսի հետ 2,5 տարվա պայմանագիր կնքեց: Այդ տարի Արասը ճանաչվեց թիմի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ: Թիմի երիտասարդական կազմում հաջող մրցելույթների շնորհիվ Օզբիլիսը շուտով ընդգրկվեց «Այաքսի» հիմնական կազմում:
2012-ի օգոստոսին Օզբիլիսը տեղափոխվեց «Կուբան» 3 մլն եվրոյի դիմաց: Նա իրեն հիանալի դրսեւորեց «Կուբանում»ՙ մեծ ներդրում ունենալով թիմի աննախադեպ հաջողությունում, որն առաջին անգամ գրավեց 5-րդ տեղն ու իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի լիգայի մրցաշարին: Առաջնության 22 խաղում Օզբիլիսը 10 գոլի հեղինակ դարձավ եւ ճանաչվեց «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստ: Ընթացիկ առաջնությունն էլ Արասը շատ լավ սկսեցՙ «Կուբանի» կազմում մեկնարկային 2 հանդիպումներում էլ մեկական գոլ խփելով: Իսկ 3-րդ տուրում նա իր նորամուտը նշեց «Սպարտակում»: