Երեկ երեկոյան, ընդամենը 58 տարեկանում հանկարծամահ եղավ ականավոր հանրային գործիչ, ազատամարտիկ, Արցախյան երկու պատերազմների նվիրյալ մարտիկ Գագիկ Գինոսյանը:
Գագիկ Գինոսյանի կյանքը և գործունեությունը հնարավոր չէ պարփակել մի քանի տողի մեջ: Շատերս նրան ճանաչում ենք նրա ստեղծած «Կարին» ազգային պարի համույթի և նրա կողմից կազմակերպած ազգային պարի տպավորիչ բեմադրությունների և փառատոնների միջոցով, շատերս էլ ոգևորված շուրջպար ենք բռնել նրա հետ Կասկադում:
Պակաս հայտնի, բայց ոչ պակաս կարևոր էր նրա կողմից իրականացված վիթխարի գիտա-մշակույթային աշխատանքը՝ հավաքագրելու, վերծանելու և վերամշակելու հայ ազգային պարի բազմաթիվ ցրված նմուշները, դրանց հանրայնացնելը, հանրահռչակելը և ազգային ինքնության կենդանի մաս դարձնելը: Այդ նպատակով Գագիկ Գինոսյանը «Այբ» հիմնադրամի հետ համատեղ ստեղծեց նաև «Ազգային երգ ու պարի» ակադեմիան, և համագործակցելով նրա հետ այս ծրագրի շրջանակներում, մեր ընտանիքին բախտ վիճակվեց մոտիկից ծանոթանալու Գագիկ Գինոսյանին, և օժանդակելու նրա նորարական նախաձեռնություններին:
Եվ վերջապես, Գագիկը Գինոսյանը մեր ազգային ազատամարտի իրական նվիրյալ էր: Դեռ առաջին Արցախյան պատերազմում նա մարտնչել էր երջանկահիշատակ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության տակ, անձամբ մասնակցել բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը, թշնամուն մեծ կորուստներ պատճառելով: Պատերազմից հետո նա շարունակել է ծառայությունը բանակում որպես սպա, ուսանել ռազմական ակադեմիայում, իսկ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է որպես կամավոր ՈՄԱ գումարտակի կազմում, թշնամուց պաշտպանել Թաղավարդը:
Գագիկ Գինոսյանի կյանքի և վաստակի մասին կարելի է անվերջ շարունակել, բայց դա չի մեղմի նրա անժամանակ կորստյան ցավը: Հանգչի՛ր խաղաղությամբ, նվիրյալ հայորդի, Աստված քո հզոր ուժը փոխանցի ապրողներին, և լուսավորի քո երկնային ճանապարհը:
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող՝ Ավետիք Չալաբյան