ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է պարգևատրումների բյուջեն ավելացնել 230 միլիոն դրամով։ Հարցը ներառված է կառավարության` փետրվարի 1-ի նիստի օրակարգում, սակայն չի զեկուցվելու։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, թե ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների և միտումների պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կենսական դերակատարում ունի ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում: ՀՀ շուրջ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և սովորականից անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Ըստ հիմնավորման՝ բազմապատկվել են աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը։
«ԱԳՆ-ի կողմից կատարվող աշխատանքի ծավալները, բովանդակությունը և պատասխանատվությունը ոչ միայն արտացոլված չեն ներկայումս սահմանված վարձատրության չափերում, այլև առկա է շեշտակի (անգամների) տարբերություն ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՀՀ անվտանգային հարցերում պատասխանատվություն ունեցող կառույցների աշխատակիցների աշխատավարձերի միջև: Ավելին` աշխատանքի ծավալների և պատասխանատվության էական աճին զուգահեռ ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դիվանագետի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը, ինչը հանգեցնում է մարդկային ռեսուրսների արտահոսքին և նոր ռեսուրսների ներգրավման բարդությանը։