Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակելու առաջարկին պատասխանել է կայուն զինադադարի առաջարկով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ ստացել է  պատանդներին ազատ արձակելու առաջարկ և հայտարարել լուրջ քննարկումների պատրաստակամության մասին։

 Sky News-ը հայտնել  է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հայտարարությունը։

«Համասը ստացել է Փարիզում կայացած քննարկումների ժամանակ մշակված առաջարկը և այժմ ուսումնասիրում է այն։ ՀԱՄԱՍ-ի համար առաջնահերթությունը  մնում է ագրեսիայի անհապաղ դադարեցումը»,- ընդգծել է Իսմայիլ Հանիեն։

Նա ասել է, որ ցանկացած պայմանավորվածություն կպահանջի ամբողջական և կայուն զինադադար:

«Մեր շարժումը բաց է ցանկացած լուրջ և գործնական նախաձեռնության կամ գաղափարի քննարկման համար, եթե դրանք հանգեցնեն ագրեսիայի ամբողջական դադարեցմանը, շրջափակման վերացմանը և գերիների  փոխանակմանը»:

Հաստատվել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարները հրավիրվել են Եգիպտոս՝ համաձայնագրի շուրջ բանակցելու համար։