Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել
Կառավարությունը հաստատել է սնդիկ պարունակող այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը կամ արտահանումը չի արգելվի։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ դրանք սնդիկի հավելիչով այն արտադրանքներն են, որ անհրաժեշտ են քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման համար։
Որոշման մեջ նշվում է նաեւ, որ սնդիկ պարունակող արտադրանք ներմուծուելիս կամ արտահանելիս պարտադիր պետք է ներակայացնել ապրանքատեսակի գրավոր հայտարարագիրը։
Նշենք, որ Ազգային ժողովը մոտ 2 տարի առաջ փոփոխություններ արեց «Սնդիկի մասին» օրենքում, ինչից հետո մեր երկրում արգելվեց սնդիկ պարունակող սարքերի ներկրումն ու վաճառքը։ Այդ ցուցակում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը եւ այլն։
Սնդիկ պարունակող հին ջերմաչափերը, բնականաբար, մարդկանց ձեռքից չեն վերցրել, բայց դրանք գնալով պակասում եւ անհետանում են դեղատների ցուցափեղկերից։
Հավելենք նաեւ, որ օրինքում փոփոխություն անելը կապված էր Մինամատայի սնդիկի մասին կոնվենցիայի հետ, ինչին միացել է Հայաստանը: Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար։
Ս․Վ․