Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

Իրանն ուշի-ուշով հետեւում է Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցող  իրադարձություններին,  եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը կամ  ճշգրտմանը միտված ոչ մի  քայլ   չի վրիպում Թեհրանի տեսադաշտից: Թեհրանի տեսադաշտից չի վրիպել նաեւ Ռուսաստանի նկատմամբ  ՀՀ վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության վերջին շրջանի կարծր դիրքորոշման փոփոխությունն այնպիսի պայմաններում, երբ Հայաստանում զուգահեռաբար շարունակվում է Արեւմուտքին մերձենալու գործընթացը:

Աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հարցում Հայաստանի  հարափոփոխ տրամադրություններին է անդրադարձել  քաղաքական հարցերի փորձագետ Էհսան Մովահեդիանն,  ով «iranian diplomacy»  կայքում  հրապարակած  իր ուշագրավ վերլուծականում փորձել է գտնել   դրա   պատճառներն  ու, որոշակի դատողություններից հետո,  եզրակացրել, որ Մոսկվային ապավինելու  Երեւանի  հիմնական դրդապատճառը «Զանգեզուրյան» միջանցքին տիրանալու հարցում Բաքվի ու Անկարայի իշխանությունների հետեւողական քաղաքականությունն ու անհագ ցանկությունն է:

Իրանցի հեղինակը նկատել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան խանդավառությամբ չեն ընդունել «Զանգեզուրյան» միջանցքի  փոխարեն   Փաշինյանի  առաջարկած  «խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ Արցախի հանձնումը Ադրբեջանին բնավ էլ  չի հագեցրել Բաքվի ախորժակը:          

Ըստ հեղինակի, Հայաստանի կառավարությունը հասկացել է, որ ներկա պայմաններում, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան զբաղված են Ուկրաինայում, Արեւմտյան Ասիայում եւ Չինաստանում տեղի ունեցող գործընթացներով, վերջիններիս տեսադաշտից դուրս կմնա  Հայաստանին ուղղված Ադրբեջանի հնարավոր  ագրեսիան: Հատկապես, երբ Բաքվի տրամադրության տակ կա  Արեւմուտքի վրա ներազդելու էներգակիրների լծակը, իսկ Երեւանը, Բաքվի համեմատությամբ,  Արեւմուտքին սիրաշահելու միջոցներ չունի:

Նման պայմաններում, նկատում է հոդվածագիրը,  եթե Հայաստանը  չփորձի սիրաշահել    Ռուսաստանին,  կհայտնվի անելանելի  կացության մեջ: Այդ դեպքում, Իրանից բացի, Հայաստանը չի կարող հույսը դնել որեւէ այլ երկրի վրա:  Այդ պատճառով էլ, եզրակացնում է հոդվածագիրը, ՀՀ կառավարությունը ժամանակավորապես  առկախել  է  ՌԴ նախագահ Պուտինի հետ առճակատման գնալու մտադրությունը:

Մյուս կողմից, հավելում է Մովահեդիանը, մինչեւ  նոր վարչապետի ընտրության  համար նախատեսված  խորհրդարանական ընտրությունները, Փաշինյանը չի ցանկանում հրահրել  Ռուսաստանին՝ լուծելու  իրեն փոխարինելու  եւ ընդդիմությանը  հզորացնելու հարցը: Թեեւ, վերլուծաբանի կարծիքով,  Ռուսաստանն առանձնապես չի տիրապետում  փափուկ ուժի ու հանրային դիվանագիտության  միջոցով հարցեր լուծելու արվեստին: Այնուամենայնիվ, ըստ հեղինակի,  Փաշինյանը  ցանկանում է նվազագույնի հասցնել ներքաղաքական կյանքում Կրեմլի  հետ առճակատման գնալու հետեւանքներից ակնկալվող  ռիսկերը: 

Միեւնույն ժամանակ վերլուծաբանը համոզված չէ, որ   իր ներկայությունը Հայաստանում ամրապնդելու համար Իրանի տրամադրության տակ եղած այս հնարավորությունը  երկար  կտեւի:

Վերլուծաբանը հիշեցնում է՝  Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որ Իրանին հնարավորություն է տալիս հաղորդակցվելու  այս տարածաշրջանի  ու  Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ: 

Մովահեդիանի կարծիքով,  Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի ու ՆԱՏՕ-ի կողմից ծրագրվող հաղորդակցական ուղու փակումն Իրանի համար անկանխատեսելի ու անվերականգնելի   հետեւանքներ կունենա: Այդ պատճառով էլ  հեղինակը հորդորում  է Թեհրանին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից ու բազմապատկել Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերը:

Իրանի կողմից էներգակիրների, շինանյութի, սննդի ու այլ ապրանքների  նկատմամբ Հայաստանի պահանջարկի բավարարումը, ըստ հոդվածագրի,   խիստ անհրաժեշտ է,  եւ չպետք է թողնել, որ այդ երկրի շուկային  աստիճանաբար տիրանան Թուրքիան ու Արեւմուտքը:

Հեղինակը վերջում զգուշացնում  է, որ Արեւմուտքը  Իրանին ու Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու համար դարան է մտել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ