Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Հիշո՞ւմ եք Հռոմի ստատուտի հետ կապված «խրախճանքը». Հակոբ Բադալյան

Վաշինգտոն ուղեւորված Իսրայելի վարչապետ Նաթանյահուի օդանավը անցել է Միջազգային քրեական դատարանի անդամ, այսպես ասած՝ Հռոմի ստատուտին միացած չորս երկրի օդային տարածքով, բայց այդ երկրներից որեւէ մեկը որեւէ քայլ չի արել Նաթանյահուի օդանավն իջեցնելու եւ նրան ձերբակալելու համար։

Հիշեցնեմ, որ Միջազգային քրեական դատարանը ունի Նաթանյահուին կալանավորելու որոշում եւ բոլոր երկրները, որոնք միացել են Հռոմի ստատուտին, պարտավոր են կատարել այդ որոշումը։ Սակայն, չորս երկիր, որոնց օդային տարածքով անցել է Նաթանյահուի օդանավն ու որոնք Միջազգային քրեական դատարանի անդամ են, չեն արել դատարանի որոշումը կատարելու ոչ մի քայլ։ Այդ երկրներն են՝ Կիպրոս, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա։

Հիշեցնեմ նաեւ, թե Հայաստանում ինչ քարոզչական խրախճանք էին կազմակերպել որոշ մարդիկ, ուժեր՝ իհարկե իշխանության պատվերով, երբ Հայաստանը միացավ Հռոմի ստատուտին։ Հայաստանի հանրությանը հավատացնում էին, հավաստիացնում էին, թե այդ որոշումը ուղղակի խեղճացնելու է Ալիեւին եւ նրան ստիպելու է պարզապես ենթարկվել միջազգային կարգուկանոնին։

Կարծում եմ այստեղ ծիծաղելն անգամ ավելորդ է։ Բայց, իրավիճակն իհարկե ծիծաղելի չէ, որովհետեւ մենք հերթական մի աղաղակող դրվագով տեսնում ենք, թե ինֆորմացիոն–քարոզչական ինչ «բազմահարկ» հնարքներ են կիրառել ու կիրառում Հայաստանի հանրության հանդեպ։ Ի դեպ, հիշեցնեմ նաեւ, որ Հայաստանը ընդունեց Ադրբեջանի պահանջը՝ խաղաղության պայմանագիր ասվածի տեքստում սահմանել միջազգային դատական հայցերից փոխադարձ հրաժարումը։ Հռոմի ստատուսի վերաբերյալ բաժակաճառասացներից չլսվեց ոչ մի խոսք, որովհետեւ չկար իշխանությունից եկող ոչ մի հանձնարարություն։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան