Մոսկվայի «Դինամոյում» Ռոման Բերեզովսկին նոր խաղընկեր ունի: Մախաչկալայի «Անժիից» «Դինամո» է տեղափոխվել դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը: Նրա տեղափոխության դիմաց «Դինամոն» 7 մլն եվրո է վճարել: Սա ռուսական ֆուտբոլում ռեկորդային ցուցանիշ է դարպասապահների համար:
Հետաքրքրական է, որ Գաբուլովն արդեն 3-րդ անգամ է հայտնվում դինամոյականների կազմում: 2001-ին նա «Դինամո» էր տեղափոխվել «Մոզդոկից»: Հետագայում Գաբուլովը հանդես է եկել «Ալանիայում», ԲԿՄԱ-ում, «Կուբանում»: Կրասնոդարից նա 2,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մոսկվայի «Դինամո», որը դարպասապահին 4 մլն-ով տրամադրեց «Անժիին»:
Մոսկվայի «Դինամոյում» հանդես եկող Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Գաբուլովի տրանսֆերը. «Թիմը պետք է հարգի ակումբի ղեկավարության որոշումը: Մենք էլ մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Վլադիմիրը «Դինամոյում» իրեն լավ զգա: Կձգտեմ մարզումների ժամանակ դրսեւորել լավագույն որակներս: Իսկ մնացածը պետք է որոշի մարզիչը: Ընդհանուր առմամբ պատրաստ եմ մրցակցությանը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը ՌԴ առաջնության վերջին 3 տուրերում պաշտպանել է «Դինամոյի» դարպասըՙ պահեստայինների նստարանին թողնելով Անտոն Շունինին: Թե ինչպես կդասավորվի Բերեզովսկու հետագա ճակատագիրը «Դինամոյում», դժվար կլինի կանխագուշակել:
Իսկ ահա «Դինամոյի» նախկին հարձակվող Սերգեյ Կիրյակովը գտնում է, որ Բերեզովսկին կհեռանա թիմից. «Այդ տրանսֆերը տրամաբանական է: Բերեզովսկին արդեն պատկառելի տարիքում է եւ վերջին կամ նախավերջին մրցաշրջանն է անցկացնում «Դինամոյում»: Իսկ Շունինն անկայուն է խաղում: Գաբուլովը հավաքականի խաղացող է եւ դրանով ամեն ինչ ասված է:
Կարծում եմ, որ Բերեզովսկին կհեռանա «Դինամոյից»: Չեմ բացառում, որ «Դինամոն» նրան թիմում այլ աշխատանք կարող է առաջարկել: Դա նորմալ կլինի: Դարպասապահներից մեկի վնասվածքի դեպքում Բերեզովսկին կարող է օգնել թիմին»: